Երեկվանից Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժման աշխատանքներ կատարել Օպերայի տարածքում։ Ապամոնտաժման «զոհ» են տարձել այդ տարածքում գործող սրճարաններն ու ռեստորանները։
ԼՈԻՐԵՐ.com-ի հետ զրուցում ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, խոսելով սրճարանների աշխատակիցների բողոքի մասին, ասաց. «Նախ և առաջ պետք է փոխել մեր մոտեցումը այդ տարածքների վերաբերյալ և վերջնականապես ֆիքսել, որ սա հանրային տարածք է։ Պետք է հասկանանք, որ այս տարածքները պատկանում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Իմ վերաբերմունքը դրական է ։Այս տարածքները պետք է վերափոխվեն և ստանան այն տեսքը, որ ունեին տարիներ առաջ։ Որքան ես գիտեմ, Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը խոսել է սրճարանների տերերի հետ և ստացել համաձայնություն։ Բացի դա, նրանց նախապես ուղարկվել է նամակ, որպեսզի լքեն այդ տարածքները։ Ինձ համար խնդիր է նաև այն, որ, ըստ փաստերի, այդտեղ աշխատում է 1 հոգի, իսկ ամառային պիկ օրերին՝ 2-3 հոգի»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։Պատգամավորը նշեց, որ իրեն մտահոգում է մի քանի հոգու գործազրկության հարցը, բայց ներկայացված փաստերը թույլ են տալիս մտածել, որ եղել են ստվերային գործարքներ։
«Քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբաթյանի հրապարակած փաստերի մեջ նշված է նաև, որ այդ տարածքների համար որոշ դեպքերում վճարվել է ամսական 90.000 դրամ, որը նույնպես խնդրահարույց է։ Ինչպե՞ս կարող է այդ տարածքում այդքան արժենալ։ Դրանք նախկին ռեժիմի ինստիտուցիոնալ սխալների շարանն են։ Ինձ համար կարևորագույն հարցն այն է , որ ՀՀ քաղաքացուն վերադարձվեն իրեն պատկանող հանրային տարածքները»,- հավելեց Սոնա Ղազարյանը։
Մեր հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ակցիաների միջոցով իշխանության հասած քաղաքական ուժը, որը նախկինում բողոքում էր ոստիկանանության վատ վերաբերմունքից, այսօր վարում է նախկին իշխանությունների քաղաքականություն, Ղազարյանը պատասխանեց. «Ես անձնապես, չեմ հասցրել հետևել այդ դեպքերին, բայց եթե այդպիսիք եղել են, ապա ես, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, անպայման պարզաբանում կպահանջեմ։ Բնականաբար, ինձ համար անընդունելի է բռնության կիրառումը հասարակության վրա։ Կուզենամ, որ ուշադրություն դարձնենք նաև այն փաստին, որ երեկ քաղաքապետարանի ներկայացուցիչների ելույթների ժամանակ, ժողովուրդն էր ագրեսիվ վարք ցուցաբերում։ Դա էլ եմ անընդունելի համարում»։
Ասպրամ Փարսադանյան