Ինչպես հայտնի է՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությունը 20 օրով հետաձգվել է մրցույթի մասնակիցների մեծ թվով (30 անձ) պայմանավորված: Մրցույթում հաղթողի անունը պետք է հայտարարվեր մարտի 11-ին:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաղորդավար, Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածու Ալեքսանդր Սայադյանը նշեց, որ իրեն կարող ուժ համարող մարդիկ դիմել են, և հանձնաժողովը կորոշի՝ ում ընտրել. «Հանձնաժողովն էլ չէր պատկերացնում, որ այդքան դիմողներ կլինեն և ըստ երևույթին, ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու, ծանոթանալու համար ժամկետը երկարարացվեց: 30 թեկնածուի համար բավականին ժամանակ է անհրաժեշտ: Մարդիկ դիմել են մրցույթին, և ամեն մեկն իրեն կարող ուժ է համարում»,- ասաց նա՝ նշելով՝ թող հաղթի արժանին:
Սայադյանը նշեց՝ կրթություն չունեցող, չպատրաստված մարդը լրատվության աղբյուրում աշխատել չի կարող: Դիտարկմանը՝ թեկնածուների մեջ կա՞ն այդպիսիք՝ պատասխանեց. «Կարծում եմ՝ կան: Իհարկե, նրանք շատ չեն: Ոմանք ցուցակի մեջ են հայտնվել՝ աչքի առաջ ունենալով բարձր աշխատավարձը, պաշտոնը, աթոռը, սակայն կան նաև մասնագետներ, որոնք կարող են ղեկավարել այդ օղակը, բայց առաջին հերթին պետք է մտածել գործ անելու մասին: Ես դիմել եմ և հույս ունեմ, որ կանցնեմ՝ գործ անելու համար»,- նշեց Սայադյանը:
Լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը դիմել է մրցույթին, քանի որ կարծել է՝ նախկինի նման «դաբրոյի» խնդիր չկա, բայց իրեն զանգում, ասում են՝ այս կամ այն թեկնածուն նշանակված է: Հարցին՝ իրեն նման լուրեր հասե՞լ են, Սայադյանն ասաց. «Ես Լավրենտի Միրզոյանին ֆեյսբուքով պատասխանել եմ և նրա մասին խոսել այլևս չեմ ուզում, քանի որ ուրիշի հասցեին չի կարելի այդպես խոսել: Չեմ ուզում այս պահին դառնալ Լավրենտի Միրզոյան»,- ասաց նա:
Նշենք, որ հոդվածի մեկնաբանություններում Լավրենտի Միրզոյանը գրել էր, թե թեկնածուներից մի քանիսը, այդ թվում՝ Ալեքսանդր Սայադյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությունն ունեն: Նրան ի պատասխան Ալեքսանդր Սայադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Ձեր առաջին գրառման մեջ ակնարկել եք, թե ինչ-ինչ աղբյուրներից տեղյակ եք, որ ես վայելում եմ Փաշինյանի հովանավորությունը։ Շատ կուզեի իմանալ, թե ինչ նպատակ եք հետապնդում այդպիսի բամբասանք տարածելով և ո՞վ է դրա աղբյուրը։ Միայն թե չարդարանաք, թե այդ մասին փողոցում ինչ-որ կանայք էին խոսում։ Հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, նորից մատնանշել եք ինձ և անթաքույց հեգնանքով ու քամահրանքով նշել իմ` հաղորդավար լինելը։ Ի՞նչ է, հաղորդավար լինելը անպատվաբե՞ր է, թերարժեք լինելու նշա՞ն է, կրթություն ու գիտելիք չունենալու վկայությու՞ն է, տգիտության ու միաբջիջ լինելու, ինտելեկտի ու ինտելիգենտության պակասի ապացու՞յց է։ Ինչու՞ եք կարծում, թե հաղորդավարը չի կարող կառույց ղեկավարել, թե՞ միայն թեզ պաշտպանածը ունի այդ իրավունքը։ Ինչու՞ է Ձեզ թվում, թե Դուք եք միակ լուրջ մարդը, որին պիտի վստահվի Ձեր իսկ ասած «լուրջ պաշտոնը»։ Ի տարբերություն Ձեզ, ես այլ, տրամագծորեն հակառակ կարծիքի եմ մրցույթի մյուս մասնակիցների մասին։ Նրանց մեջ կան մարդիկ, որ ունեն բոլոր հիմքերն ու տնօրենի պաշտոնին հավակնելու իրավունքը»։
Սոնա Հարությունյան