Պետական եկամուտների կոմիտեն, մինչև Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման աշխատանքների մեկնարկը, նախաձեռնել է մաքսակետի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որոնք կոչված են ապահովելու կառույցի բնականոն գործունեությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Մեղրիի մաքսային կետում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում բարելավվել են շենքային պայմանները, կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, վերանորոգվել է սանհանգույցը: Բարեկարգվել է նաև մաքսակետի ամբողջ տարածքը, ամբողջությամբ փոխվել է արտաքին լուսավորության համակարգը, շենքից դուրս կառուցվել է նոր սանհանգույց, թարմացվել են աղբամաններ և այլն: «Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով: Ստեղծված են բոլոր պայմանները՝ սահմանահատումն որակյալ կազմակերպելու համար: Մաքսակետն ամեն օր սպասարկում է մոտ 1300 ուղևորի և 200-ից ավելի բեռնատար ավտոմեքենա»,-տեղեկացրել է Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ Վլադիմիր Աբունցը:
Հայ-իրանական սահմանին աճել է բեռնափոխադրումների ծավալը: Իրանից hիմնականում ներմուծվում են շինարարական ապրանքներ: Հատկապես վերջին շրջանում զգալի ավելացել է նաև Մեղրիի մաքսակետից օգտվող տնտեսվարող սուբյեկտների թիվը: Վերանորոգման արդյունքում հարավային դարպասում առավել հարմարավետ և հավասար պայմաններ են ստեղծվել հայ-իրանական սահմանը հատողների համար: