«Ես միանշանակ հերքում եմ իմ դեմ ուղղված մեղադրանքները և դրանցից ոչ մեկի հետ համաձայն չեմ»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Երևանի թիվ168 հիմնական դպրոցի տնօրեն Սոնա Գալստյանը՝ անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին՝ մասնավորապես՝ չգրված պայմանավորվածությամբ դպրոցի որոշ աշխատակիցների աշխատավարձերի 1/4 մասը պահելու վերաբերյալ:

Նշենք, որ թիվ168 հիմնական դպրոցը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ:                      ԼՈւՐԵՐ.com-ը խնդրի վերաբերյալ խոսեց նաև քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ.

«Քաղաքապետարանը թիվ 168 դպրոցում առկա խնդիրների վերաբերյալ բոլոր տեղեկություններն ուղարկել է ոստիկանության կազմակերպված հանցավորության վարչություն: Մնացած ամեն ինչ առայժմ իրավապահների ուսումնասիրության տիրույթում է»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ թիվ 168 հիմնական դպրոցի տնօրեն Սոնա Գալստյանի կողմից կատարված հանցավոր գործեր կան, որոնց վերաբերյալ ձայնագրություններ, վկայություններ և տարբեր փաստեր կան: 

Նրա խոսքով՝ տնօրենը տեխնիկական անձնակազմից, անօրինական պահումներ է արել: Աշխատավարձերը փոխանցվել են բանկային համակարգով, սակայն աշխատակիցները գումարը ստանալուց հետո որոշ մասը բերել և տվել են տնօրենին: Ըստ Իոաննիսյանի ունեցած տեղեկությունների, օրինակ՝ 55.000 դրամ ստացող աշխատակիցը 15.000 դրամը տվել է տնօրենին:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ: