Երկիրը պետք է ընկալել որպես մեկ ընդհանուր միջավայր, որն անհրաժեշտ է մաքուր պահել: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սա է համարում մարտի 23-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակի գլխավոր գաղափարը: Ազգային ժողովի նախագահը տարածքները մաքրելուց զատ կարևոր է համարում դրանք չաղտոտելը, իսկ հասարակությունն էլ պետք է հասկանա, որ շրջակա միջավայրին պետք է խնամքով վերաբերվել:
«Երկրում մաքրությունը պահպանելու համար պետք է քաղաքացիների մոտ նման գիտակցություն արթնացնել, քարոզչական աշխատանք տանել: Պետք է երեխաներին բացատրել, որ թղթի կտորի կամ աղբի տեղը աղբարկղն է»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյանի խոսքով, խնդրի լուծման համար իրավական կարգավորման նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չկա: Նա համոզված է, որ պատժի մեխանիզմից բացի, ցանկալի արդյունքի կարելի է հասնել խրախուսման ճանապարհով:
«Արդյո՞ք քաղաքային իշխանությունները կարող են մաքրության առումով հասնել 100 տոկոս արդյունքի, եթե քաղաքացիների մոտ շրջակա միջավայրը մաքուր պահելու գիտակցությունը բարձր չլինի: Հետևաբար, կարծում եմ, որ համալիր, համակողմանի աշխատանք է պետք տանել»,-ասաց Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԺ նախագահը շաբաթօրյակին մասնակցում է ընտանիքի հետ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին Հայաստանի ողջ տարածքում համապետական շաբաթօրյակ է իրականացվում: Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։ Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։