Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև գյումրեցի դպրոցական Մանվել Լոռեցյանը: Այս մասին գրում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Երբ անցյալ շաբաթվա վերջին նախագահ Սարգսյանն այցելել էր Գյումրի, քաղաքի կենտրոնում շրջելիս պատահաբար ականատես էր դարձել մի ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Նախագահը ծանոթացել էր ֆիլմի պատմությանը, փոքրիկ դերակատարների՝ Անիի և Մանվելի հետ: Ինչպես պարզվել էր, Մանվելը ֆուտբոլ շատ է սիրում և հատկապես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ջերմ երկրպագու է:
Իմանալով Մխիթարյանի հետ հանդիպելու՝ փոքրիկ Մանվելի վաղեմի ցանկության մասին, նախագահ Արմեն Սարգսյանը խոստացել էր նրան այդպիսի հնարավորություն ընձեռել: