Երեկ՝ մարտի 26-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 0:2 հաշվով սեփական դաշտում պարտվեց Ֆինլանդիայի հավաքականից։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում որոշակի փոփոխություններ անելուց հետո հավաքականի երկրպագուները հաղթանակ էին ակնկալում, սակայն այս ընտրական փուլում երկրորդ խաղն անընդմեջ մեր ազգային հավաքականը խայտառակ պարտություն է կրում:

Հավաքականի անհաջողության և սպորտային ոլորտի խնդիրների մասին ԼՈՒՐԵՐ.com- ը զրուցել է Աժ պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանի հետ։

«Ոչ մի սպորտաձևում, փոփոխություններ անելուց հետո չես կարող արագ արդյունք ակնկալել»,- իր խոսքում ասաց պատգամավորը և հավելեց՝ «Մենք գիտենք, որ ցավոք սրտի, ֆուտբոլում շատ խնդիրներ կան, և դրանք լուծելու համար բավականին ժամանակ է պետք։ Այո՛, փոխվել է ֆեդերացիայի, մարզական կազմը, բայց պետք է հասկանանք, որ որքան էլ մարզիչը ուժեղ լինի, չի կարող կարճ ժամկետներում տեսանելի արդյունքների հասնել։ Չենք կարող օդից հավաքական ստեղծել, մենք ունենք սահմանափակ խաղացողներ, որոնցից պետք է ընտրություն անել: Ընտրվածների հետ աշխատես, հասցնես բարձր որակի և նոր՝ ակնկալես հաղթանակներ»։

Մարզիկ պատգամավորը կարծում է, որ պետք չէ մեկ-երկու պարտությունից հուսահատվել։ Հիմա պետք է որոշակի ժամանակ տրամադրել այդ թիմին (մարզիչներ, ֆեդերացիա, մարզիկներ), եթե դրանից հետո փոփոխություններ չգրանցեն, կարող ենք պահանջել նոր փոփոխություն։

Պատգամավորը հավելեց, որ որպես հավաքականի երկրպագու նկատել է՝ հավաքականի թիմային ոգին, թիմի զգացողությունը բարձրացել է։ Պատգամավորը կարևորեց թիմում առողջ մթնոլորտը, մնում է միայն տեխնիկական և ֆիզիկական պատրաստվածությունն ապահովել։

Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ