Սուրբ Սոֆիայի թանգարան-տաճարի կարգավիճակի փոփոխությունը կդառնա ինքնատիպ պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք եւ Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելու որոշման։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Անատոլիական գործակալությունը։
«Մենք կարող ենք անվճար դարձնել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի մուտքը, բայց միայն դա չէ, որ կարող ենք անել։ (Տեղական ինքնակառավարման մարմինների) ընտրություններից հետո մենք կվերադարձնենք Սուրբ Սոֆիայի իսկական կարգավիճակը։ Այժմ Թրամփը հայտարարում է, թե Երուսաղեմը (Իսրայելի) մայրաքաղաքն է։ Այդպես չէ՞։ Գոլանի բարձունքները վերագրում է օկուպանտ Իսրայելին։ Դուք պատասխան կստանաք Թուրքիայից»,- գործակալությունը մեջբերում է Թուրքիայի նախագահի խոսքը, որը ելույթ է ունեցել Տրաբզոնի հանրահավաքում։
Մարտի 24-ին Էրդողանն ասել էր, որ Թուրքիայի իշխանությունները կարող են փոխել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, որպեսզի այն կարողանան անվճար այցելել։ Նրա խոսքով՝ «բոլոր դավանանքների զբոսաշրջիկներն այժմ կարող են անվճար մտնել Երկնագույն մզկիթ, որը գտնվում է հարեւանությամբ, ուստի «Սուրբ Սոֆիայի պարագայում կարելի է նույն կերպ վարվել»։
Հունաստանի արտգործնախարար Յորգոս Կատրունգալոսը մարտի 25-ին ասել է, որ Աթենքը վիրավորանք է համարում ինչպես քրիստոնյաների, այնպես էլ միջազգային հանրության համար Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելը։
Ներկայում թանգարան մուտքն արժե 60 թուրքական լիրա (10 դոլար)։ Էրդողանը մարտի 18-ին ասել էր, որ կողմնակից չէ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գաղափարին, քանի որ դա կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել։
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշարձան է։ Այն կառուցվել է 532-537 թվականներին, կայսր Հուստինիանոսի կարգադրությամբ, որը որոշել է հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը։ Կայսրը երազում էր, որպեսզի տաճարը հավասարը չունենա աշխարհում, եւ անգամ նախատեսել էր դրա հատակը ոսկե սալիկներից կառուցել։
1453 թվականին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի։ 1935-ին, համաձայն Թուրքիայի կառավարության դեկրետի, որը ստորագրել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը, տաճարը դարձել է թանգարան, իսկ որմնանկարներից եւ խճանկարներից մաքրվել է դրա ծեփածածկը։ 1985-ին տաճարը Ստամբուլի պատմական կենտրոնի այլ հուշարձանների հետ միասին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։