«Երբ ես ժամանակին իրավապաշտպան գործունեությամբ էի զբաղվում, հիշում եմ, որ Ադրբեջանից իրավապաշտպան խորհուրդներ էինք հրավիրում և նրանք գալիս էին քննարկումների: Լրագրողներ և մտավորականներ էին գալիս, այսինքն՝ հումանիտար շփման այդ մեթոդը կար մեր մեջ»,- այսօր` ապրիլի 1-ին, Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով` վերջին տասը տարիների ընթացքում դա դադարել է: Ինչո՞ւ: Որովհետև Ադրբեջանում հանդուրժողականության մթնոլորտը չկա: Հիմա ովքեր գալիս են կամ եկել են՝ հետո հետապնդման են ենթարկվել:

«Հումանիտար ոլորտում շփումները վերականգնելու համար երկարատև խաղաղություն է պետք Արցախյան հարցի շուրջ: Այդ հարաբերությունները վերականգնելու առումով մենք խնդիր չունենք, մեզ մոտ ոչ մի ադրբեջանցի չի հետապնդվում, հատկապես, երբ խաղաղության շուրջ բանակցի: «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը երբեք մեր առաջարկած բանաձևը չի եղել: Դա մշտապես Ադրբեջանի բանաձևն է եղել: Մենք հիմա ասում ենք, որ ոչ թե պետք է վախենանք, որ դուք կհարձակվեք մեզ վրա` այլ իմացեք. եթե մեզ վրա հարձակվեք, դո՛ւք կկորցեք: Կորուստներ միանշանակ դուք էլ կունենաք, մենք չենք վախենում ձեր հարձակվելուց»,-ասաց Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը` Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ վստահ է` իշխանությունները պաշտպանության նախարարի «Նոր պատերազմ` նոր տարածքների դիմաց» հայտարարությանը մեկնաբանություն կտան: