Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներնն այսօր՝ ապրիլի 1-ին, կրկին փակել էին Արմավիր–Երևան ճանապարհը՝ պահանջելով արտահերթ ընտրությունների անցկացում։ Արշալույսցիների բողոքն այս անգամ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանի դեմ է, որը գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի տեղակալն է։
Նրանց խոսքով՝ ժամանակավոր պաշտոնակատարը Գրիգորյանին ենթական մարդ է ու չպետք է ղեկավարի համայնքը․ «Իրա մարդն ա, ի՞նչ տարբերություն, թող մեկ ուրիշին դնեն մարզպետարանից, մինչև նոր ընտրություններ լինեն։ Երկու ամիս է գյուղապետարանը փակ է մնում, իսկ խնդրին այդպես էլ լուծում չի տրվում»,- ասում են գյուղի բնակիչները։
Արշալույսցիների հետ հանդիպել է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, որի հորդորով ճանապարհը բացվել է։ Նա խնդրել է սպասել մինչև ավարտվի գյուղապետի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։
Նշենք, որ արդեն 2 ամիս է՝ արշալույսցիները թույլ չեն տալիս բացել գյուղապետարանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Արշալույս գյուղում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականի պահանջով։ Ըստ գյուղացիների՝ Գրիգորյանը բազմաթիվ ապօրինություններ է իրականացրել։
Տեսանյութը՝ news.am-ի