Հայաստանյան ներքաղաքական անցուդարձի հարաբերական անդորը խախտվեց տարածված այն լուրով, որ կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը: Տեղեկությունը ֆեյսբուքում հաստատեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, իր տեղակալը բերման է ենթարկվել ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումից հետո:
 
Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսի 23-ին: Փոխնախարարի ձերբակալությունը անշուշտ քաղաքական որոշում է, որը հնարավոր չէր կայացնել առանց վերադասի հետ համաձայնեցնելու: Միակ հարցը այստեղ թերևս այն է, թե մասնավորապես ում հետ են իրավապահները համաձայնեցրել այս քայլը: Չի բացառվում, որ իր թիմակցի դեմ «գործ է տվել» հենց նախարարը, չէ՞ որ Դավթյանը Թորոսյանի ֆինանսական գծով տեղակալն էր և հնարավոր է՝ բազմաթիվ մութ գործերի մեջ ներքաշված լինի՝ հենց Թորոսյանի իմացությամբ իհարկե: Եվ երբ իրավապահները «նստել են պոչին», Թորոսյանը որոշում է կայացրել ամեն բան բարդել տեղակալի վրա և մաքրել ձեռքերը: Կա, սակայն, մեկ այլ տարբերակ՝ այն, որ այս ձերբակալությունը ուղղակի մեսիջ էր իշխանական կուլուարներից՝ հենց Արսեն Թորոսյանին:
 
Այսպիսով, վերջինիս հասկացնում են, որ պետք է հանգիստ նստել տեղը: Եթե նախարարը մասնակից էր ու գիտեր այս ամենի մասին, պետք է համապատասխան պատժի ենթարկվի, եթե ոչ` ապա խայտառակ հրաժարական տա, որովհետև կոռուպցիայի դեմ «պայքարող» առաջամարտիկը եթե չգիտի ու չի տիրապետում, թե իր նախարարության ֆինանսները տնօրինողը իր քթի տակ ինչ է անում, երկու քայլ այն կողմ անողներին ո՞նց է տեսնելու կամ կառավարելու։ Ըստ որոշ տեղեկությունների՝ փոխնախարարին կաշառք տվող անձը բուժհաստատություններից մեկի տնօրենն է, իսկ սա նշանակում է, որ կոռուպցիան ոլորտում պարզապես վխտում էր այն պարագայում, երբ Արսեն Թորոսյանը հպարտորեն հայտարարում էր, որ կոռուպցիան ոլորտից արմատախիլ է արվել: Գուցե հենց այս մեսիջն էին փորձում հասցնել Թորոսյանին, որ այդ պայքարը իրականում փուչիկ էր, որը հնարավոր է պայթեցնել ԱԱԾ-ի մեկ հարվածով: