Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի օգնությամբ իրականացվող Հայաստանում սեյսմիկ վտանգավորության հատվածում գտնվող դպրոցների վերակառուցման ծրագրի շրջանակներում 2019թ. երկրորդ կեսին 7 դպրոց կհանձնվի շահագործման: Այս մասին ապրիլի 2-ին «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ծրագրի նախնական նպատակը եղել սեյսմիկ վտանգավորության հատվածում գտնվող դպրոցների հիմնանորոգումը կամ նորոգումը, բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դպրոցների մեծ մասն ամբողջությամբ պետք է քանդել և նորից կառուցել: Սա է պատճառը, որ նախնական թվաքանակը, գուցե, փոփոխվի: Այս պահին կառավարության կողմից հաստատված է հիմնանորոգման 46 ծրագիր: Այս տարի նախատեսում ենք շուրջ 31 դպրոցի վերանորոգման աշխատանքների մեկնարկ: Ընթանում է 7 դպրոցների շինարարություն, որոնց մի մասը տարվա երկրորդ կեսին շահագործման կհանձնվի»,- ասաց Պապիկյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ֆիզիկական վիճակի խնդիր ունեն 400 դպրոցներ, որոնց վիճակն էլ բացասաբար է ազդում կրթության որակի վրա:
«Մենք դպրոցների անմխիթար վիճակի հետ կապված ունենք լրջագույն խնդիրներ, որոնց հիմա բախվում ենք, և դա չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ կրթության որակի վրա: Լուծումներ մշակվում են, նախկինում էլ են մշակվել, հիմա պետք է անցնենք դրանց ներդրմանը»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Կառավարության ներկայացուցիչները նշեցին, որ 400 դպրոցների վերանորոգման աշխատանքների համար առկա է անհրաժեշտ ֆինանսավորման միայն 1/5-րդը, իսկ մնացած մասը պետք է գտնել միջազգային և տեղական գործընկերների միջոցով: