ՀՀ առողջապահության նախարարությունը «Գիլյադ» (Gilead Science Ireland UC ) ընկերության հետ համագործակցության հուշագիր է կնքել: Ինչպես տեղեկացրեցին նախարարության լրատվական ծառայությունից, հուշագիրը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և «Գիլյադ» ընկերության ներկայացուցիչ Բեն Կամարկը, որով «Գիլյադ» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը կտրամդրվի հեպատիտ Ց-ի բուժման սխեմայի համապատասխան գեներիկ դեղերի արտադրության, փաթեթավորման և ներմուծման լիցենզիա:
«Վիրուսային հեպատիտներն աշխարհում առողջապահության գերակա խնդիրներից են և բնորոշվում են լայն տարածվածությամբ: Ներկայումս վիրուսային հեպատիտների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումն ու իրականացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի արդիական խնդիրներից է»,- ասել է նախարար Արսեն Թորոսյանը, հավելելով, որ նախարարության մասնագետների կողմից մշակվել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ազգային ծրագիր», որի շրջանակներում նախատեսվում է առնվազն 1000 պացիենտի համար ապահովել հակավիրուսային դեղորայքային բուժում:
ԱՀԿ-ի 2030 նպատակների իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է ընդլայնել հեպատիտ C-ի վիրուսով պայմանավորված վարակի սկրինինգային հետազոտություններն ու բուժումը և միաժամանակ կանխարգելիչ ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ վարակի նոր դեպքերի թիվը կրճատելու նպատակով:
2018 թվականին «Հիվանդությունների վերլուծության կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվել է հեպատիտ Բ-ի և Ց-ի փոխանցման և հիվանդացության բեռի վերլուծություն, որի արդյունքում առաջարկվել են նաև մոդելավորումներ` հեպատիտ Ց-ի բուժման և կանխարգելման ուղղությամբ: