Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, շատ մտածված: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Վանեցյանն՝ անդրադառնալով վարչապետի՝ այսօր հնչեցրած կոշտ հանձնարարականին՝ կապված ֆեյքերի հետ:
«Եթե գրառումների մեջ՝ դա ֆեյք կլինի, թե սովորական անձ, չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մամինները որևէ գործառույթ իրականացնելու առիթ չունեն: Եթե գրառման մեջ կա հանցակազմ, այդ դեպքում ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն և բացահայտեն այդ հանցագործությունը»,-ասաց Վանեցյանը:
Հարցին, թե ինչպե՞ս են որոշվելու հանցակազմերը կամ՝ որ ֆեյքերը մանիպուլյացիա են անում, Վանեցյանը պատասխանեց. «Մանիպուլյացիան այն է, որ արտահայտությունները, որոնք արվում են կամ այն թեմաները, որոնք տարածվում են սոցիալական ցանցերում անանուն օգտատերերի կողմից կարող են հասարակության շրջանում բերել այնպիսի տրամադրությունների, որոնք կարող են հանգեցնել ինչ-ինչ հետևանքների: Ես չեմ ուզում մտնել այդ բառախաղի մեջ, բայց ուզում եմ ասել, որ գործընթացը կատարվելու է շատ զգույշ և որևէ դեպքում չի վնասելու խոսքի ազատությանը»: