Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։ Փաշինյանի այս գրառմանն այսօր արձագանքել է ՄԻՊ Արման Թաթոյանը, ով հայտարարել է, թե Փաշինյանը օրենքով չուներ քրեական գործի հարուցման ցուցում տալու լիազորություն: Ստացվում է՝ կամ Փաշինյանի համար օրենքը միևնույնն է, և նա դա ևս մեկ անգամ ապացուցեց, կամ էլ որևէ ցուցում չի եղել, Փաշինյանի բարեկամին պատկան մարմինները բռնացրել են չարաշահման վրա, և վարչապետը փորձում է պարզապես մաքրվել, հայտարարելով, թե այդ գործողությունը կատարվել է հենց իր ցուցումով: Ի դեպ, այսօր Գյումրիում Փաշինյանն արձագանքելով ՄԻՊ այս դիտարկմանը՝ հեգնեց. «Ապրի մարդու իրավունքների պաշտպանը, թող ինձ տանեն, դատապարտեն, նստացնեն…»:
Սա առաջին նմանատիպ դեպքը չէ: Հիշեք, թե ինչպես էր Փաշինյանը փորձում համոզել հասարակությանը, որ ինքը որևէ կապ չունի զանգովի արդարադատության հետ: Հայտնի գաղտնալսումները, սակայն, հակառակն էին ապացուցում: Դրանից հետո Փաշինյանը փորձեց ձեռքերը լվանալ, սակայն արդարության համար փաստենք՝ չստացվեց: Կամ կհիշեք, թե ինչպես պետական համակարգում ապօրինի պարգևատրումների ալիքից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորները միշտ էլ 13-րդ աշխատավարձ են ստացել:
Այդ երբվանի՞ց սկսեցիք նախորդների փորձը օրինակելի համարել: 13-րդ աշխատավարձերը, պարգեւավճարները, հավելավճարները պետք է վճարվեն միայն իրենց ուղիղ պարտականությունները գերազանցող հավելյալ արդյունքների հասնելու դիմաց: Սակայն դրանք վճարվել են հենց վարչապետի իմացությամբ, որպես շնորհակալություն ընտրություններում «Իմ քայլի» համար ապահովված ձայների դիմաց: Կարծես թե Փաշինյանի մոտ օրենքը շրջանցելը, այնուհետ բազմաթիվ պատրվակներով իրեն «մաքրելը» դարձել է վատ ավանդույթ…