Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը մայրաքաղաքի Երևանի թիվ 94 մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի հետ կապված ահազանգը փոխանցել է ոստիկանությանը՝ հետագա ընթացք տալու համար:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել  Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: 

«Բացի դրանից, մանկապարտեզի նշված աշխատակիցը ահազանգը լինելուց հետո մեկնել է արձակուրդ: Նրա հետագա աշխատանքի նպատակահարմարության հարցը կքննարկվի իրավապահների գնահատականները հաշվի առնելով: Հուսով եմ, որ իրավապահները կպարզեն կատարվածն ու պատշաճ պատասխանատվության կենթարկեն մեղավորներին: Երեխաների նկատմամբ ցանկացած բռնություն դատապարտելի է»,-գրել է նա:

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել թիվ 94 մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու հետ կապված: Երեխայի ծնողը հայտնել էր, որ երեխային մարմնի վրա կապտուկներ էր նկատել, ինչից հետո մի քանի անգամ փորձել էր առանձնազրույց ունենալ և պարզաբանում ստանալ դաստիարակից: Վերջինս, սակայն, հերքել է մեղադրանքը, ինչից հետո ծնողը դիմել է մանկապարտեզի տնօրենին, ով արձակուրդ է տվել դաստիարակին: