Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր՝ ապրիլի 12-ին, այգու դիմաց բողոքի ակցիա են անցկացնում. նրանց պահանջը չի փոխվել՝ շարունակում են պնդել, որ  Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի պաշտոնանկությունը պարտադիր է։

Բողոքի ակցիայի համար այս անգամ պատճառ է հանդիսացել սպիտակ վագրի հիվանդության սխալ ախտորոշումը։

«Այդ ախտորոշումը ակնհայտ անգրագիտության հետևանք է:  Շատ մութ բաներ կար այդ ախտորոշման մեջ։ Մոսկվայի կենդանաբանական այգու  գլխավոր բժիշկը հերքեց լեյկոզի ախտորոշումը։  Այդտեղից կարելի է հետևություն անել, որ Ամստերդամի, Եվրոպայի կենդանաբանական այգիների հետ համագործակցության հետևանքով սխալ անալիզներ են եղել»,–ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: 

Հարցին, թե լեյկոզը արյան քաղցկեղը չի՞, ակցիայի մասնակիցն ասաց, որ կենդանիների մոտ դա վիրուսային բնույթ ունեցող հիվանդություն է: 

Այգու նախկին աշխատակիցներից մեկի խոսքով՝  Ամստերդամի բժիշկների կողմից  վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել, մինչդեռ Մոսկվայրի կենդանաբանական այգու  գլխավոր բժիշկը ստուգելով կենդանուն՝ նրա մոտ բերանի խոռոչի քաղցկեղ է ախտորոշել։

Նախկին աշխատակիցները պահանջում են աշխատանքից ազատել ոչ միայն այգու տնօրենին, այլև գլխավոր անասնաբույժին, անասնաբույծին  և  այգու համակարգողին։

«Տնօրենը ու իր  մանկլավիկները այգին տանում են դեպի կործանման»,-ասաց այգու նախկին աշխատակիցներից մեկը:  

Աշխատակիցները նշեցին, որ գնալու են ԱԺ և իրենց բողոքը գրավոր ներկայացնելու են կուսակցություններին: