Մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով օրերս Հայաստանում նշված  Մարիխունայի օրվան։

Խոսելով Քաղաքացու օրը նշելու մասին, Սիմոնյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչպես է ծախսվելու դրա անցկացման համար նախատեսված 124 միլիոն դրամը․ «Որքանով տեղյակ եմ՝ գործադիրի կողմից է հատկացված գումարը, սակայն ես տեղյակություն չունեմ, թե ինչի վրա է ծախսվելու այն։ Համենայն դեպս, այսօր ինձ համար շատ կարևոր օր է, քանի որ նախորդ տարի այս օրը պարոն Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը ձերբակալվեցին  և ես իմ մի քանի ընկերների հետ մնացի միանձնյա՝ ժողովրդի հետ»,-ասաց նա՝ նշելով, որ իր համար այսօրվանից սկսած տոն է մինչև շատ ավելի մեծ իրադարձություններ։ 

Դիտարկմանը՝ որքանո՞վ է ճիշտ նշել Քաղաքացու օրը և 124 միլիոն դրամ ծախսել, հատկապես, որ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, Սիմոնյանը պատասխանեց․ «Դա հերթական տոնախմբությունը չէ, դա շատ կարևոր իրադարձության արձանագրում է։ Խոսքը գնում է քաղաքացու գերակայության, քաղաքացու դերի բարձրացման մասին և այդ քաղաքացին է որոշելու այսուհետ ՀՀ գրեթե ամեն ինչը։ Այդ օրը չնշելը, առավելևս, նմանատիպ համեստ ձևով կարծում եմ սխալ կլիներ։ Մարդիկ մեծամասամբ չգիտեն, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում։ Խոսքը չի գնում փուչիկ առնելու մասին, խոսքը  գնում է քաղաքացիական գիտակցությունն էլ  ավելի բարձրացնելու և այդ երևույթն ավելի զարգացնելու մասին»,- նշեց նա։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանն այն պաշտոնյան է, ով հանդես է եկել մարիխուանայի օրինականացման դիրքերից։


Հիշեցնենք, որ Երևանի Ազատության հրապարակում օրեր առաջ Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառում էր անցկացվել։ Ազատության հրապարակ էին եկել նաև ոստիկաններ, որոնք կազմակերպիչներին հորդորում էին դադարեցնել միջոցառումը։