Եթե մենք ունենանք բավարար հզորություն, լինենք սուբյեկտ, հիմա այդպիսին չենք, այդ ժամանակ աշխարհը կսկսի տեսնել ու ճանաչել մեզ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին:
«Հայաստանի Առաջին հանրապետությունը քեմալաբոլշևիկյան ագրեսիայով զավթվել է, մասնատվել և զրկվել ինքնիշխանությունից: Այդ կետից պետք է սկսենք: Հայաստանը նաև ուներ իր կենսունակ պետություն ստեղծելու համար լեգիտիմ, միջազգային ակտերով սահմանված, արդեն որոշված տարածք, որն առաջարկվեց Փարիզի վեհաժողովի արդյունքում»,- ասաց Ավետիսյանը և, ավելացրեց, որ Երրորդ հանրապետությունն այդ գործընթացների արդյունքում կարելի է համարել որպես միջանկյալ փուլ՝ ինքնիշխան ու միացյալ Հայաստանի կայացման ճանապարհին:
«Մենք հիմա գտնվում ենք կիսապետական վիճակում, դեռևս «սպիտակ» ցեղասպանության ընթացքի մեջ ենք: Եկեք մոռանանք այդ գեղեցիկ երազանքների մասին, և մեր ջանքերը կենտրոնացնենք երկրի հզորացման վրա»,- եզրափակեց Վարուժան Ավետիսյանը: