Աշխատանքի օրվա կապակցությամբ իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու նպատակով բազմաթիվ մարդիկ մասնակցեցին Երևանի կենտրոնում անցկացվող երթին:

Այն մեկնարկեց Հյուսիսային պողոտայից:

Երթի կազմակերպիչ Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թամասյանի խոսքով` արհմիությունը վաղուց իր դերակատարումն ունի  աշխատավոր մարդկանց իրավունքների պաշտպանության գործում: Այն և’ անցյալում, և’ այսօր փորձում է բոլորի իրավունքները պաշտպանել իր հնարավորությունների չափով:

«Մենք տարբեր պահանջներ ենք ներկայացնում, որոնք հիմնականում վերաբերում են մեր իրավունքների պաշտպանությանը: Ես իմ աշխատանքային պայմաններից գոհ եմ, բայց աշխատավարձը չնչին  է: Ինձ այնքան էլ գնահատված չեմ զգում»,- խոստովանեց երթի մասնակից Նոնա Ահարոնյանը:

«Դեռ Խորհրդային միության տարիներից մայիսի 1-ը նշում էինք մեծ սիրով: Միշտ էլ ցանկացել ենք, որ նվիրված աշխատող մարդկանց ավելի շատ գնահատեն:  Տարիներ շարունակ աշխատում ենք` ցանկանալով օգուտ տալ մեր հայրենիքին»,- ասաց երաժիշտ, մանկավարժ Գայանե Նազարյանը:

Նա շեշտեց, որ այսօր գոյության կռիվ է, պայքար, հացի խնդիր կա, այնինչ և’ աշխատավարձներն են քիչ, և’ թոշակները: «Ուզում ենք` երկրի վիճակը բարելավվի, որ ավելի ուրախ ու թեթև լինենք»,-նշեց մանկավարժը:

Մեկ այլ մասնակցի` Մարտա Զաքարյանի կարծիքով ամենակարևորն այսօր աշխատավարձի բարձրացումն է, որ մարդու վաստակած գումարով հնարավոր լինի գոնե մինիմալ հարցեր լուծել: