Ուրբաթ Կիպրոսի նախագահ Նիքոս Անաստասիադիսն աշխատանքից հեռացրել է այդ կղզիական պետության ոստիկանապետին վերջին շրջանում երկրում տեղի ունեցած սպանությունների շարքը բացահայտելու գործում իրավապահ մարմինների անարդյունավետ գործունեության պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ ոստիկանապետը հեռացվել է իր պաշտոնից «անհայտ կորած մի քանի կանանց եւ աղջիկների գործերը օպերատիվ կերպով հետաքննելու անկարողության հետեւանքով»:

Հինգշաբթի նույն պատճառով հրաժարական է տվել Կիպրոսի արդարադատության եւ հասարակական կարգի նախարար Իոնաս Նիկոլաուն:

Վերջին ամսվա ընթացքում Կիպրոսի ոստիկանությունը հայտնաբերել է կղզում երեք սպանված կանանց մարմինները: Իրավապահները ձերբակալել են կասկածյալին: Նա 35-ամյա զինծառայող էր, որը խոստովանել էր յոթ սպանությունները, որոնք նա կատարել էր վերջին երեք տարիների ընթացքում: Երեք զոհերի, այդ թվում՝ վեց եւ ութ տարեկան երկու աղջիկների մարմինները մինչ օրս չեն հայտնաբերվել:

Ընդ որում՝ զոհվածների հարազատները հայտարարել են, որ իրավապահ մարմինները բավարար կերպով չեն հետաքննում կանանց անհետացման մասին հաղորդումները՝ հրաժարվելով, մասնավորապես, ընդունել բարեկամների դիմումները: Դա հանգեցրել է խոշոր սկանդալի եւ կիպրոսյան հանրության կողմից իշխանությունների նկատմամբ խիստ քննադատության: