Իմ ծառայողական մեքենան եթե օրվա մեջ 10 անգամ մուտք գործի Ազգային ժողովի տարածք, 10 անգամն էլ մանրազնին ստուգում են։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ԱԺ տարածք մուտք գործելու խստացված ռեժիմին։
«Եթե նման անվտանգության ռեժիմ գործեր բոլոր պատգամավորների համար, այդ խնդրին չէինք անդրադառնա ո՛չ էդմոն Մարուքյանը, ո՛չ ես»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը։
«ԱԺ մուտք գործելը կարծես «յամեր» կամ «կատե» անցնել է, քիչ է մնում սոնոգրաֆիա անցկացնեն։ Նման ռեժիմ չկա, գոյություն չունի, իսկ թե որն է ստուգման նպատակը՝ չգիտեմ, հատկապես եթե կա ԱԺ մուտք գործելու թույլտվություն»,- ասաց նա՝ հավելելով, որ անվտանգության աշխատակիցները զննում են անձնական գնումների տոպրակները, մեքենայի սալոնը, բեռնախցիկը, անգամ «բարդաչոկը»։
Նաիրա Զոհրաբյանը փորձել է ԱԺ աշխատակազմից ճշտել խստացված ռեժիմի պատճառը, պատասխանել են, որ աշխատակազմը ենթարկվում է ԱԺ–ին և այդ ռեժիմի հետ կապ չունեն, իսկ ԱԺ անվտանգության ծառայությունից ասել են, որ ԱԺ աշխատակազմի կողմից իջեցված կարգադրություն է․ «Հիմա, թե ումն է այդ կարգադրությունը՝ ես չգիտեմ, եթե ընդհանուր է, ապա դա պետք է տարածվեր ԱԺ մուտք գործող բոլոր մեքենաների և անձանց վրա, և չլիներ ընտրովի մոտեցում»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը և շեշետեց, որ եթե կա պատճառ, ըստ որի՝ պետք է ամենայն մանրամասնորեն ստուգել մեքենաները և անգամ անձնական գնումների տոպրակները, ապա պետք է այդ հիմքով կարգադրությունը հրապարակել։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նույն խնդրով դիմել է վարչապետին՝ պահանջելով ծառայողական քննություն անցկացնել։ Մինչ այդ նա տեղեկացրել էր, որ ԱԺ մուտք գործելիս մանրամասնորեն զննել են իր մեքենան եւ պայուսակը։