Այսօր՝ մայիսի 12-ին, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայաերեն թարգմանության շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա էին նրա ընտանիքի անդամները, քաղաքական գործիչներ, համախոհներ։
Գրքի վերաբերյալ խոսք ասաց Ռոբերտ Քոչարյանի տիկինը՝ Բելլա Քոչարյանը։ Նա նշեց, որ տարիներ շարունակ փորձում էին համոզել Քոչարյանին՝ գիրք գրել, սակայն, ինչպես գրքում է գրել Ռոբերտ Քոչարյանը՝ նա չէր ցանկանում փորփրել անցյալը։
«Եկավ մի պահ և նա շատ լուրջ մտածեց այդ մասին, գրեց գիրքը, որը տևեց 3 տարի։ Գիրքը շատ հետաքրքիր է և հեշտ է կարդացվում»,- ասաց Բելլա Քոչարյանը՝ հավելելով, որ գիրքը լեփ-լեցուն է այնպիսի փաստերով, որոնց մասին իրենք տեղյակ չեն եղել։
«Ռոբերտն իր էությամբ բաց մարդ չէ, բայց այս գրքում շատ բացվեց։ Նա այնքան սիրով է գրում Ստեփանակերտի, Ղարաբաղի բնության մասին, որ կարծես այնտեղ գեղարվեստական ինչ-որ բան կա։ Գրքում նա գրում է իր մանկության, քրոջ, շատ սիրելի եղբոր՝ Վալերայի մասին, որն այսօր, ցավոք, մեզ հետ չէ, այլապես զորավիգ կլիներ եղբորը»,- ասաց տիկին Քոչարյանը։
Բելլա Քոչարյանը հիշեցրեց, որ տեղի է ունենում գրքի երկրորդ շնորհանդեսը, առաջինը տեղի է ունեցել Ստեփանակերտում հունվարի 26–ին։
«Այս երկու շնորհանդեսներին, ցավում եմ, գրքի հեղինակը չի մասնակցել, նա այսօր ապօրինի անազատության մեջ է, միևնույն է՝ պետք է նման միջոցառումներ անցկացնել։ Ծնվել է մի գիրք, որը իրավունք ունի ապրելու իր սեփական կյանքով։ Այս գիրքը կարող է սովորեցնել՝ ինչքան կարևոր է սիրել հայրենիքը։ Այնքան մեծ է հայրենասիրությունն այնտեղ, որ զարմանում ես։ Գիրքը չի թողնում, որ մենք շփոթվենք»,- ասաց Բելլա Քոչարյանը եւ ընդգծեց , որ գիրքը խորհուրդ ունի և շատ օգտակար կլինի երիտասարդների համար։
Շնորհանդեսի երկրորդ հատվածում ցուցադրվեց ֆիլմ, որտեղ ներկայացվում էր Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունը։
Այնուհետև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն, ընթերցեց հոր ուղերձը։
Ուղերձում ՀՀ երկրորդ նախագահը նշել էր, որ շատ կցանկանար՝ գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների շնորհանդեսը միաժամանակ կայանար, սակայն որոշակի պատճառներով՝ հակառակն է ստացվել։ Նա միաժամանակ հույս էր հայտնել, որ նոր իրադարձությունները, որոնք նոր գրքի առիթ են դառնալու, իրենց երկար սպասել չեն տա։