«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է իրականացնել արժեքավոր հրատարակությունների լույս ընծայումը. այս անգամ ևս՝ 2019 թվականին միությունն արվեստասեր հասարակության դատին ներկայացրեց անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի՝ «Տարվա եղանակները» (Չինական ռոմանսներ) գրքույկ-երգաշարը: Միջոցառումը նվիրված էր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 98-րդ տարելիցին:
Հանդիպման սկզբում Դանիել Երաժիշտն անդրադարձավ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական գործունեությանը՝ առավել ընդհանրական ներկայացնելով «Տարվա եղանակները» (Չինական ռոմանսներ) երգաշարն ու դրա ստեղծման պատմությունը: -Մի առիթով Էդվարդ Միրզոյանի տանն էի, և թեյ էինք խմում: Խոսեցինք պոեզիայից և մեր միտքն այնքան ծավալվեց, որ հասանք Ճապոնիա: Այդ ժամանակ ես խոստովանեցի, որ ինձ հուզել է չինացի բանաստեղծ Բո-Ցզյույ-Իի (8-9-րդ դդ.) «Գարունը» բանաստեղծությունը և արտասանեցի, որից հետո սկսվեց այս երգաշարի ստեղծման պատմությունը: «Տարվա եղանակները» գրվել է մոտ տասը տարի` 1996-2006 թթ. ժամանակահատվածում։
Սկզբում գրվել է «Գարուն» ստեղծագործությունը, որն առաջին անգամ հնչել է Լոս Անջելեսում՝ Գևորգ Հունանյանի կատարմամբ: Ստեղծագործությունն ամբողջությամբ առաջին անգամ կատարել է Նունե Բադալյանը: Այս երգաշարը կատարել են նաև Հասմիկ Բաղդասարյանը, Դիանա Հարությունյանը։ «Տարվա եղանակները» հնչել է նաև Նյու Յորքում՝ կորեացի երգչուհի Վան Չանգ Կիմի և Շահան Արծրունու կատարմամբ,-նշեց Դանիել Երաժիշտը։ Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով ներկայացան նաև Աննա Պողոսյանը (վոկալ) և Մարգարիտ Սարգսյանը (դաշնամուր): Երեկոն հարուստ էր Դանիել Երաժիշտի և Էդվարդ Միրզոյանի մտերմությունը ներկայացնող հետաքրքիր հիշողություններով:
- «Տարվա եղանակները» երգաշարի ստեղծման գործընթացը դանդաղում էր, իսկ 2002 թվականի գարունն էլ իր հերթին էր ուշանում. մի օր հանդիպեցի Էդվարդ Միրզոյանին, և նա ինձ հարցրեց, թե ի՞նչ է ուզում մեզնից այս եղանակը՝ ես էլ ասացի. «Այս եղանակն ուզում է, որ Դուք ավարտին հասցնեք Ձեր «Տարվա եղանակները»,- իր հուշերով կիսվեց Դանիել Երաժիշտը: Միջոցառման ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը որպես խորհրդանշական քայլ Դանիել Երաժիշտին հանձնեց «Տարվա եղանակները» (Չինական ռոմանսներ) հրատարակության առաջին օրինակը՝ ի նշան բազմարժեք և արդյունավետ համագործակցության: Էդվարդ Միրզոյանի «Տարվա եղանակները» երգաշարը հիմնված է չինացի բանաստեղծների քառյակների վրա՝ Բո Ցզյույիի (772-846թթ.) «Գարունը», Բո Պուի (13-14 դդ.) «Ամառը», Լի Բոի (701-762թթ.) «Աշունը» և Չժան Կեցզյուի (13-14 դդ.) «Ձմեռը»: Գրքույկ-երգաշարը ներառում է նաև փոքրիկ գրքույկ՝ ռոմանսների նոտաներով, շարքի վերլուծությամբ, ինչպես նաև երաժշտագետ Դանիել Երաժիշտի հարցազրույցը կոմպոզիտորի հետ: