Թբիլիսիում սկսել են երթևեկել կանաչ գույնի նոր տասմետրանոց ավտոբուսներ:

MAN մակնիշի կանաչ գույնի նոր 10-մետրանոց ավտոբուսների շնորհանդեսը տեղի է ունեցել մայիսի 8-ին Թբիլիսիում: Նոր ավտոբուսներից մեկով շրջել է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն՝ լրագրողների հետ միասին: Քաղաքապետարանը գնել է 90 նոր ավտոբուս, և դրանցից 50-ն արդեն գտնվում են մայրաքաղաքում:

 

Մայիսի 13-ից թիվ 95 երթուղով՝ Մուխիանի բնակավայրից մինչև Բարաթաշվիլի փողոց, այսօրվանից կերթևեկի ութ նոր ավտոբուս, իսկ թիվ 85 ուղեգծով՝ Վակե-Սաբուրտալո շրջանաձև երթուղով՝ չորս նոր ավտոբուս: «Իհարկե, դա բավարար չէ հասարակական տրանսպորտը կարգի բերելու համար: Մինչև տարեվերջ կստացվեն 220 նոր ութմետրանոց ավտոբուսներ»,- ընդգծել է Կալաձեն:

Ավտոբուսները կսարքավորվեն օդորակիչներով և օդափոխիչներով, ձայնային տեղեկատվական համակարգով, տեսամոնիթորինգի համակարգով, USB լիցքերով, անլար Համացանցով: Կալաձեն ընդգծել է, որ ավտոբուսներն աշխատելու են Եվրո-6 դիզելային վառելիքով: