Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր՝ մայիս 13-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ակցիա են իրականացնում դատարանի առջև։ Նրանք պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի արձագանք է տալու իշխանությունն իրականացվող ակցիաներին, Աժ «Իմ քայլը» պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, որ ակցիա իրականացնելն այդ մարդկանց իրավունքն է. «Մենք լուծում չենք կարող տալ։ Քրեական գործ է ընթանում, որի ավարտը ցույց կտա»,-ասաց պատգամավորը, պատասխանելով ԼՈՒՐԵՐ. com-ի այն հարցին, թե արդյո՞ք իշխանությունները կբավարարեն ակցիա իրականացնողների պահանջները և ինչպե՞ս է իշխանությունն արձագանքում այդ ամենին։ Անդրադառնալով ակցիա իրականացնողների պնդմանը, թե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, Հակոբյանն ասաց. «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Ես դա ասում եմ նաև որպես հասարակության ներկայացուցիչ, որովհետև ես սերտ շփում ունեմ հասարակության հետ, կաբինետներում փակված չենք»։ Այն հարցին, թե արդյո՞ք այդ խմբի ձևավորումը կարող է սպառնալիք լինել իշխանության համար, Հակոբյանը պատասխանեց, որ իրենց գործունեությանը միանշանակ չեն խոչընդոտելու։ Պատգամավորի խոսքով՝ պետք է հասկանալ, թե ովքեր են այդ խմբի մարդիկ և ինչն է նրանց մոտիվացիան։
«Պետք է հասկանալ՝ այդ մարդիկ ազնիվ նկրտումներ ունե՞ն պայքարի, թե՞ ուրիշ մոտիվացիա ունեն։ Մարդիկ կան, այո՛, սրտացավ են Ռոբերտ Քոչարյանի համար, բայց վստահ եմ, որ այդ մեծ խմբում ( չնայած չէի համարի, որ այդքան մեծ է), կան մարդիկ, որոնց մոտիվացիան լրիվ այլ է։ Այսինքն, կան մարդիկ, որոնց համար սկզբունքային չէ՝ Քոչարյանը կլինի՞ ազատության մեջ, թե՝ ոչ։ Նրանց մոտիվացիան այլ է։ Ես վստահում եմ մեր հանրությանը, նրանց հիշողությունն այնքան կարճ չէ, որ ինչ-որ խումբ, որի անունը կապվում է Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ ձևով ընդունվի հասարակության կողմից։ Դա միանշանակ, ես բացառում եմ։ Մենք, մեծ հաշվով, պաշտպանվելու խնդիր չունենք, քանի որ մեր թիկունքին հայ ժողովուրդն է կանգնած»,-եզրափակեց պատգամավորը։
Ասպրամ Փարսադանյան