Մենք բոլորս ենք ուզում հարցը պարզվի, հասկանանք, որ հայրս կապ չունի այս ամեն ինչի հետ: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մի մարդը, ով երկիրը ղեկավարել է 10 տարի, փայլուն արդյունքներ է ցույց տվել, հրաման տա կրակել մարդկանց վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ում խոսքերով, անհեթեթ մեղադրանքներ առաջադրելու փոխարեն, թող գտնեն իրական մեղավորներին. «Թող գտնեն իրական մեղավորներին, մենք էլ ենք ուզում իմանալ»:
Ինչ վերաբերում է իր, իր կնոջ և իր ընտանիքի անդամների նկատմամբ հնչող վիրավորական արտահայտություններին, կրտսեր Քոչարյանը նշել է, որ այդ մարդկանց մի մասը մոլորված են. «Կա մոլորված զանգված, որոնց տարիներ շարունակ ինչ-որ բան է հրամցվել մեր ընտանիքի ինչ-որ միֆական հարստության և այլնի մասին: Կա մի մոլորված զանգած, որ այս ամեն ինչին հավատում է, դրա համար կա այդ նեգատիվ վերաբերմունքը: Սակայն կան շատ մարդիկ, ովքեր աջակցում են: Ես անձամբ հարյուրավոր նամակներ եմ ստանում: Իսկ վիրավորողների մի մասն էլ ուղղորդված են: Ինձ իհարկե մտահոգում է վիրավորանքների փաստը, սակայն դրան լուրջ չենք վերաբերվում, որովհետև նրանք չեն կարող կանգնել մեր առաջ և ասել այդ ամեն ինչը»:
Կրտսեր Քոչարյանի խոսքերով, հոր գործողությունները մարտի 1-ին, դրան նախորդող ու հաջորդող դեպքերի ժամանակ եղել են օրենքի սահմաններում, ինքը կասկածներ չունի, սակայն նշում է, որ հայրն իրեն առանձին ինչ-որ բան չի ասել տեղի ունեցած մասին: