Ինչպես հայտնի է մամուլի տարբեր հրապարակումներից, «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի կողմից կանխամտածված անվճարունակության հիմքեր ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի և 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2017թ-ի փետրվար ամսին հարուցվել է քրեական գործ։
«Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատերը, ինչպես հայտնի է տարբեր հրապարակումներից, «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ Աշոտ Ափոյանն է: Սակայն «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ն ներկայիս «Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի հետ որևէ առնչություն չունի, հայտնի է, որ այս ապրանքային նշանն այժմ պատկանում է Պարգև ՍՊԸ-ին:
Նախկին սեփականատիրոջ՝ Աշոտ Ափոյանի դեմ քրեական գործի նախաքննությունը կատարվում է ՊԵԿ քննչական վարչությունում։ Նախաքննությունը շարունակվում է ավելի քան 2 տարի և, ըստ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած տեղեկատվության, իրականացվել է լայնածվալ դատավարական և քննչական գործողություններ, սակայն մինչ օրս չկա որևէ ձերբակալված կամ կալանավորված անձ։
Ըստ սնանկության գործով հաստատված պարտատերերի ցուցակի՝ նախկին սեփականատիրոջ կողմից պետության նկատմամբ չվճարված հարկային պարտավորությունը կազմում է մոտ 1 միլիարդ ՀՀ դրամ։
Ստացվում է, որ պետության նկատմամբ մոտ 1 միլիարդ ՀՀ դրամ հարկային պարտավորություն ունեցող անձը ազատության մեջ է, իսկ օրինակ «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը անմիջապես կալանավորվել էր, թեև հետո ազատ արձակվեց։ Նախաքննություն իրականացնող մարմնի պատճառաբանությամբ Դավիթ Ղազարյանը ազատության մեջ մնալով կարող էր խոչընդոտել քննությանը։ Այս դեպքում հարց է առաջանում՝ արդյոք Աշոտ Ափոյանը այսքան տարի մնալով ազատության մեջ չի՞ խոչընդոտել կամ չէր՞ կարող խոչընդոտել քննությանը, որ նախաքննություն իրականացնող մարմինը մինչև հիմա չի ձերբակալում վերջինիս և կալանավորելու միջնորդություն չի ներկայացնում դատարան։