Իշխանությունները բազմիցս են դժգոհել, որ մեծ թվով լրատվամիջոցներ, մանավանդ՝ հեռուստաընկերություններ, գտնվում են իրենց վերահսկողությունից դուրս, եւ առաջարկել են այդ իրավիճակը ուղղելու բազմաթիվ, այդ թվում նաեւ՝ ոչ այնքան իրավական մեթոդներ։ Այսպիսի մտահոգություն է հայտնել «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը՝ անդրադառնալով «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ հարուցված քրեական գործին։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության հայտարարության, մեջ, մասնավորապես, ասված է․
«Հորդորում ենք իշխանություններին մեդիադաշտի դեմ անհամարժեք գործողություններ չկիրառել
Հայաստանի իրավապահ մարմինները միջնորդություն են ներկայացրել դատարան «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ։
Հեռուստաընկերության սեփականատիրոջը մեղսագրվող արարքի դեպքում նման անհամարժեք խափանման միջոցի ընտրության պահանջը լրատվամիջոցի նկատմամբ ճնշման տպավորություն է թողնում։
Սա Հայաստանի նոր կառավարիչների կողմից արդեն երկրորդ դեպքն է, երբ փորձ է արվում անազատության մեջ պահել հեռուստաընկերության սեփականատիրոջ։ Հիշեցնենք, որ անցյալ տարի կալանավորվել էր Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը, որը, ծանր հիվանդ լինելով, ամիսներ շարունակ պահվում էր անազատության մեջ, եւ միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտության շնորհիվ նրան թույլատրվեց մեկնել բուժման։
Իշխանությունները բազմիցս են դժգոհել, որ մեծ թվով լրատվամիջոցներ, մանավանդ՝ հեռուստաընկերություններ, գտնվում են իրենց վերահսկողությունից դուրս, եւ առաջարկել են այդ իրավիճակը ուղղելու բազմաթիվ, այդ թվում նաեւ՝ ոչ այնքան իրավական մեթոդներ։
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը գնահատում է որպես իշխանությունների կողմից մամուլի նկատմամբ ճնշում գործադրելու փորձ։
Մամուլի ազատությունը մարդու իրավունքների եւ ազատությունների անքակտելի մաս է եւ Հայաստանի իշխանությունների պարտականությունն է այդ ազատության ապահովումը։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է բռնության յուրաքանչյուր դրսևորում, որևէ կերպ չի արդարացնի Արմեն Թավադյանի արարքը, եթե դատարանը համարժեք պատիժ կիրառի, ոչ թե ուղղորդված գործընթաց սկսի։ Սեփականատիրոջ հարցով, եթե կիրառվի կալանավորում, դա ևս բռնություն է։ Հորդորում ենք իշխանություններին մեդիադաշտի դեմ անհամարժեք գործողություններ չկիրառել։
Այս փաստը պետք է ազդակ լինի լրատվական համայնքին՝ անկախ գաղափարներից»։