Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մայիսի 19-ին մահացել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 56-ամյա Միսակ Խաչատրյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 12-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մայիսի 12-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Միսակ Խաչատրյանը իր վարած CHRYSLER մակնիշի 34 QR 251 համարանիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել բաժանարար գոտու բազալտե հատվածին եւ առաջ ընթանալով՝ բախվել նշված փողոցի 2/1 հասցեում գտնվող չգործող փայտե պահեստի դարպասներին եւ մասամբ հայտնվել շինության ներսում։
Վթարի հետեւանքով վարորդ Մ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն։ Նրան առաջինը օգնության էին հասել Սարդարապատ գյուղի բնակիչները եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի հիվանդանոցի բժիշկները։ Բախման հետեւանքով կոտրվել էին շինության երկաթե դարպասներն ու ապակիները։
Աղբյուրի տեղեկություններով մահացածը Արմավիրի մարզի դատական բժիշկն էր: