Aravot.am-ը հաղորդում է, որ «Իմ քայլը» խմբակցություն երեկվա փակ նիստից կա ձայնագրություն, որում պատգամավորները փակ դռների ետևում վիճում են ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրելու վերաբերյալ:
Ձայնագրությունից պարզ երեւում է, որ խոսքը հենց այդ փակ նիստի մասին է, քանի որ բարձրախոսով ձայն են տալիս պատգամավորին և նրանք ելույթ են ունենում: Բացի այդ, նիստի սենյակից դուրս է գալիս Զոլյանը, լրագրողները հարցնում են՝ երկա՞ր է տեւելու նիստը: Ձայնագրությունից լսելի է նաեւ մյուս լրագրողների զարմանքը, որ խոսում են ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրելու մասին:
Ձայնագրության մեջ մասնավորապես ասվում է. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ ցրեք ԲԴԽ-ն, ցրեք ՍԴ-ն, եւ դա կարող ենք անել, անցումային արդարադատություն մտցնենք, արդարադատության նախարարն ասում է՝ նշանակված պաշտոնատար անձինք ունեն լեգիտիմ ակնկալիքներ, որպեսզի պաշտոնավարեն մինչեւ էսինչ ժամկետները: Ասում եմ՝ էդ չկա: Այսօրվա գործող արդարադատության նախարարն է ասում, հիմա մենք դա ո՞նց անենք»:
Մեկ այլ պատգամավոր էլ հավելում է. «Ես էլ եմ շատ-շատ ջղայնացած պարոն Զեյնալյանի վրա, բայց եկեք այնուամենայնիվ… եկեք հիշենք, որ մեր նախընտրական ծրագրում կա գրած անցումային արդարադատության մասին…»: