Վերջին օրերին դատական համակարգը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Դատավորների հանդեպ անվստահության, դատական համակարգում առկա կոռուպցիայի մասին խոսակցությունների ֆոնին, ուշագրավ է ուսումնասիրել նաև վերջիններիս ֆինանսական հայտարարագրերը՝ պարզելու համար, թե ՀՀ դատարանների նախագահներն անցած՝ 2018 թվականին որքան գումար և ինչ ունեցվածք են հայտարարագրել:
Սկսենք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից:
2018 թվականին Թովմասյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը: Նա հարկային տարվա վերջում 60.000 դոլար փոխառություն է հայտարարագրել: Նրա դրամական միջոցները կազմել են 25.000.000 դրամ և 65.000 դոլար: Եկամուտները կազմել են 8.809.867 դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և փոխառությունից ստացված տոկոսագումարից:
Գումարային առումով, համեմատաբար «համեստ» հայտարարագիր ունի ՍԴ նախկին նախագահ, այժմ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Դրամական միջոցներից հայտարարագրել է շուրջ 4 միլիոն դրամ, 6 հազար դոլար եւ 2 հազարից մի քիչ ավելի եվրո: Գագիկ Հարությունյանը, սակայն, ունի բնակարան, անհատական բնակելի տուն՝ իր տնտեսական շինություններով, բնակչության սոցիալական սպասարկման եւ վարչական ու հասարակական կազմակերպություններ տեղակայման համար՝ նախատեսված հողամաս եւ տարածքներ:
Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Առկա են տվյալներ միայն դրամական միջոցների և եկամուտների մասին: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 6000 ԱՄՆ դոլար և 22 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները նույն չափով պահպանվել են: 2018թ. հարկային տարում Երվանդ Խունդկարյանի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտների հանրագումարը կազմել է 12 072 494 ՀՀ դրամ: Նշված գումարը գոյացել է երեք աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 11 957 299 ՀՀ դրամ, 77 695 ՀՀ դրամ և 37 500 ՀՀ դրամ: Երվանդ Խունդկարյանը նաև այլ եկամուտներ է ստացել, որոնք կազմել են 1226 եվրո և 300 եվրո:
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մհեր Արղամանյանը հայտարարագրում բացակայում են շարժական և անշարժ գույքի մասին տեղեկությունները: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները տարվա ավարտին կազմել է 8,200,000.00, աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են՝ 10,990,733.00:
Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը նույնպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Դարբինյանն ունի հինգ անշարժ գույք՝ առանձնատուն, բնակարան, բազմաբնակարան բնակելի շենք, հողամաս ու արտադրական նշանակության շինություն: Ավտոմեքենաները երեքն են՝ «GAZ 24», «GAZ 322132» և «RANGE ROVER SPORT Supercharged 5.0» մակնիշների: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 52 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 849 հազար դրամ, որից 1 միլիոն 71 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 777 հազար 950 դրամը ստացված վարկեր: Պաշտոնյան բացի այս ամենը ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 30 միլիոն 817 հազար 200 դրամ: Կինը՝ Գայանե Դարբինյանը, հայտարարագրել է միայն դրամական միջոցներ, որոնք կազմել են 44 միլիոն 200 հազար դրամ:
Սնանկության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանի դրամական միջոցները 2018-ին, ըստ հայտարարագրի, կազմել են 24,500,000.00 ՀՀ դրամ և 10,200.00 ԱՄՆ դոլար: Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից ստացված եկամուտը կազմել է 8,731,711.00 և 217,522.00 ՀՀ դրամ, այլ եկամուտները՝ 2,153,792.00 ՀՀ դրամ: