Դատական համակարգի շուրջ ստեղծված աղմուկի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ: Գնահատական տալով վերջին իրադարձություններին՝ վարչապետի կողմից դատարանները շրջափակելու կոչին ու դատական համակարգի վիրահատական միջամտության անհրաժեշտությանը, քաղաքագետը նշեց. «Դատական համակարգերի շուրջ ստեղծված խնդիրը երկու մասի կարելի է բաժանել: Նորություն չէ, որ մեր դատական համակարգը պրոբլեմատիկ է, որը դեռևս խորհրդային ժամանակներից է այս վիճակում՝ վստահություն չկա, կոռումպացված է: Ուղղակի իշխանություններից իշխանություն այդ խրոնիկական պրոբլեմները խորացել են և բարեփոխումներ իրականացնելը քաղաքական անհրաժեշտություն է դարձել: Այլ հարց է, թե ինչ գործիքակազմով և ինչ ճանապարհով կհասնեն դրան: Դատարանները բլոկադայի ենթարկելու կոչը խոցելի դարձրեց հենց վարչապետին, որովհետև մի կողմից ռիսկային էր՝ կարձագանքեն կոչին բավարար թվով մարդիկ, չնայած նրան, որ այս իշխանության հաղթաթուղթը հենց լայն զանգվածային աջակցությունն է: Երկրորդ՝ իրավական տեսակետից էր խոցելի. իշխանությունը խոցելի է դարձնում ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ վարչապետն, օգտագործելով ժողովրդավարության թեզը, թուլացնում է իր դիրքերը:
Նրա խոսքով՝ գործ ունենք նոր բառապաշարի հետ՝ վեթինգ, անցումային արդարադատություն, բայց դրանք օգտագործողների 95%-ը պատկեացում չունի՝ ինչ է դա:
Անդրադառնալով դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ֆոնին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին` Հակոբյանը նշեց, որ դրա մեջ կա նաև քաղաքական ենթատեքստ. «Գագիկ Հարությունյանի հրաժարականի տեքստից ելնելով և մինչ դա էլ տեսնում էինք ինչ-որ նիստեր էր անցկացնում և կարելի էր ենթադել, որ նա դատական համակարգի բարեփոխումների կոնցեպտի հետ համաձայն չի եղել, հետևաբար հրաժարական տվեց: Երկար տարիներ հետևելով նրա գործունեությանը նկատենք, որ նա աչքի չի ընկել սկզբունքային որոշումներով և մշտապես կոմպրոմիսային և կոմֆորմիստական դիրքերից էր հանդես գալիս: Նա իր տեսակով կռվող մարդ չէր և սահուն կերպով տեղավորվում էր տվյալ ժամանակվա իշխանության պահանջների մեջ, ցանկացած որոշում վավերացնում էր, այդ թվում կասկածելի ընտրությունների արդյունքները: Այսինքն՝ ենթարկվում էր օրվա իշխանությանը: Եթե հիմա էլ իրեն լավ առաջարկ անեին, չեմ կարծում, թե հրաժարվեր, ուղղակի այսօրվա իշխանությունը Գագիկ Հարությունյանի կարիքը չունի, ինչն ուղղակիորեն հասկացրել են և նրան այլ ելք չէր մնում, քան հրաժարականը»,- ասաց նա:
Հարցին՝ խոսվում է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ պաշտոնից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Նման սցենար տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով, որ վերջինս իր իսկ գրած սահմանադրությամբ ապահովագրել է իրեն, քաղաքագետը պատասխանեց. «Դա պետք է լինի իր սեփական կամքը, քանի որ իրավական այլ մեխանիզմ գոյություն չունի: Սակայն նա մի քանի անգամ հայտարարել է, որ նման ցանկություն չունի և գոնե վերջին օրերին նման կամք չի դրսևորել, ընդհակառակը՝ մշտապես ասել է, որ նման մտադրություն չունի և խնդիր էլ չունի իշխանության հետ: Ես չեմ կարծում, որ սա ամենաառաջնային հարցն է:
Կարծում եմ՝ բարեփոխումների և վեթինգի կարիք ունի ընդհանուր իրավական համակարգը, խնդիրը միայն դատավորները չեն, խնդիրը համակարգային է»,- նշեց Հակոբյանը:
Քաղաքագետը տարօրինակ է համարում անցումային արդարադատության առաջխաղացման հարցում ակտիվություն դրսևորող օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների, հիմնադրամների գործունեությունը. «Նրանք ավելի ակտիվ էին երեկ ԱԺ-ի լսումների ժամանակ, քան Հայաստանից սնուցում ունեցող կազմակերպությունները: Ինձ հետաքրքրում է՝ ո՞րն է նրանց շահագրգռվածությունը: Այս ամենը կարող է սրել ներհայաստանյան իրավիճակը»,- նշեց նա:
Դատարանները արգելափակելու հայտարարությունը վարչապետը հնչեցրեց Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո սկսված ակցիաներից հետո: Չե՞ք կարծում, որ վարչապետը այս կերպ փորձեց կանխել այդ ակցիաները՝ դիտարկմանն ի պատասխան Հակոբյանն ասաց. «Չեմ կարծում, որովհետև այդ ակցիաները այնքան էլ մեծաքանակ չէին և պարզապես ակցիաների թիրախները փոխվեցին՝ Ռոբերտ Քոչարյանից տեղափոխվեց դատական բարեփոխումների թեմային: Հիմա ավելի գլոբալ խնդիրներն են առաջնային դարձել, այլ ոչ թե լոկալ՝ մեկ մարդու խնդիրը»,- նշեց Վիգեն Հակոբյանը:
Սոնա Հարությունյան