Հյուսիս-հարավ ճանապարհի աշխատակիցները փակել են Աշտարակից Թալին տանող ճանապարհի Ուջան գյուղի հատվածը:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակից Գուրգեն Հովհաննիսյաննասաց, որ 19 կազմակերպություն աշխատանքի դիմաց շուրջ 10 ամիս գումար չի ստացել. «Փակել ենք ճանապարհը, որովհետև մեզ ոչ ոք սպառիչ պատասխան չի տալիս՝ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ գլխավոր կապալառուն՝ «Կորսիան-Կորվիամ»-ը: Պահանջում ենք վճարել մեր կազմակերպությունների գումարները, որպեսզի մենք էլ աշխատակիցների գումարները վճարենք: Դիմել ենք վարչապետին, փոխվարչապետին, տրանսպորտի նախարարին, «Կորսիան-Կորվիամ»-ին, կազմակերպությունն ասում է` փողը պետք է կառավարությունը տա, կառավարությունն ասում է` փողը տվել ենք: Մենք դարձել ենք պինգ-պոնգի շարիկ»,- ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ կազմակերպությունները կանգնել են ծանր ֆինանսական դրության առջև՝ չկարողանալով վճարել ինչպես աշխատողների աշխատավարձերը, այնպես էլ պետական բյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները, մատակարար կազմակերպությունների պարտքերը:

 
 
Реклама 23

Նշենք, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման գլխավոր կապալառու «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի պարտքը 19 կազմակերպություններին կազմում է ավելի քան 2 միլիարդ 276 միլիոն դրամ: