Վերջին շրջանում կառավարության նիստերը աչքի են ընկնում ոչ այնքան օրակարգի հագեցվածությամբ, որքան նիստի ընթացքում գրանցվող զավեշտալի միջադեպերով: Թերևս դժվար է հիշել այս կառավարության կողմից քննարկված գեթ մեկ լուրջ, հանրային շահերի տեսանկյունից առանցքային նշանակություն ունեցող հարց: Որոշ դեպքերում բանը հասնում է անգամ աբսուրդի: Օրինակ, վարչապետը և 17 նախարարները կարող են շուրջ 20 րոպե կատակով քննարկել համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ երեխաները Փաշինյանին մեղադրում են անգործության մեջ: Ընդ որում՝ կատակը կատակով, սակայն հարցի լուծմանն այդպես էլ չմոտեցան:
 
Մեկ այլ օրինակ՝ գյուղատնտեսության նախարարը կառավարության նիստի ընթացքում վարչապետին է ներկայացնում ոլորտին առնչվող խնդիրները և անհրաժեշտ ֆինանսավորումը, ինչին ի պատասխան վարչապետը կես կատակ առաջարկում է փակել բոլոր նախարարությունները և թողնել միայն գյուղատնտեսության նախարարությունը: Կհարցնեք՝ որտե՞ղ է տրամաբանությունը և ինչպե՞ս է ստացվում, որ կառավարությունը դեռ կատակելու տրամադրություն ունի: Այս հարցի պատասխանը չկա: Կառավարության նիստում հաջողացնում են կատակի տալ նաև Հայաստանում պետական վիճակագրության նկատմամբ հանրության վստահությունն ավելացնելու հարցը։
 
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե. «Արևմտյան երկրներից մեկի վարչապետը մի այսպիսի արտահայտություն է արել` «Կա սուտ, կա լկտի սուտ և կա վիճակագրություն»։ Ես հույս ունեմ, որ ՀՀ վիճակագրության կոմիտեն մեզ կհանի այս տրամաբանությունից»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ արտահայտությունը Հայաստանի վիճակագրության մասին չի արվել: Փոխադարձ կատակներն այդքանով չավարտվեցին։ Ստեփան Մնացականյանը մեկ այլ հայտնի արտահայտություն հիշեցրեց, որի համաձայն` վիճակագիրների համար ամենամեծ երջանկությունը հասկացված լինելն է։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Մենք ձեզ երջանկություն ենք մաղթում»: Իսկ թե նման խեղկատակությունից հետո ինչով է ավելանալու հանրության վստահությունը պետական վիճակագրության նկատմամբ՝ մեծ հարց է:
 
Բացի այդ, կառավարության նիստում կարող են 30 րոպե կատակով քննարկել հարցը՝ արդյո՞ք տվյալ սեզոնին մինչ հեղափոխությունն էլ է ծիրան եղել, թե՞ ծիրանի առատությունը նույնպես հեղափոխության շնորքն է: Եվ իհարկե, միայն մեր կառավարությունը կարող է քննարկել ապրանքների մաքսազերծման հարցը և քննարկումը վերածել ծամոնի մասին կատակների հիթ-շքերթի: Մասնավորապես, նիստերից մեկի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե մեր ազգային առանձնահատկությունները չպետք է մոռանանք, մենք սիրում ենք այստեղ-այնտեղ գնալիս նվերներ բերել մեր մորաքույրների, հորաքույրների, հարևանների համար: Դրա համար է չափաքանակն ավելացվում: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հավելում է. «Որքան էլ հարևաններ ու բարեկամներ ունենանք, 1 կգ ծամոնը դժվար է պատկերացնել... դրա փոխարեն բենզինն ընդամենը 10 լիտր է»: Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատակել. «Էս էն ծամոններից ա, որ լցնում ես բենզինի մեջ, բենզինը շատանում է»: ՊԵԿ նախագահն էլ արձագանքում է՝ «Հաստատ սարի ծամոնը չի»: Հիշեցնենք ՝ քննարկվում էր ապրանքների մաքսազերծման հարցը, որը հուզում է առանց չափազանցության ՀՀ բնակչության մեծամասնությանը:
 
Վերջին խեղկատակությունն էլ այսօր էր: Խոսքն այն մասին է, որ մի ամբողջ կաբինետ, վարչապետի գլխավորությամբ, կարող է կես ժամ շարունակ լուրջ դեմքով քննարկման առարկա դարձնել ժապավենի հարցը: Մասնավորապես, խոսելով նորաբաց այգու սկզբնամասում գտնվող Մյասնիկյանի արձանի խնդրին, վարչապետը նշել է. «Ինչի՞ ա պետք, որ էդ փակելն արվի 75 թվի արտադրության ցելոֆանե ժապավենով՝ 25 տեղից կապած: Էդ մարդիկ չեն հասկանո՞ւմ՝ ինչով են զբաղված: Էդ ժապավենը արժեզրկում, դարձնում է 0 Վարդանյանների 25 մլն ներդրումը: Նախ՝ պետք է այդ ժապավենը հանել, անվտանգության հարցն էլ պատշաճ լուծել: Չի կարելի գնալ աղբանոցից հանել օգտագործած ժապավեն և բերել փաթաթել»:
 
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը տեղեկացրեց, որ նախարարությանը պետք է դիմեն՝ արձանը վերանորոգելու թույլտվություն ստանալու համար: Փաշինյանն էլ հրահանգեց՝ այդ ժապավենը հանել, ոստիկանության նորմալ արգելափակոցներով փակել: Թերևս ամոթը այստեղ ոչ այնքան հին ժապավենի առկայությունն է, որքան այդ հարցը կառավարության օրակարգ բերելը: Կառավարությունը պարզապես ժամավաճառությամբ է զբաղված՝ ուշադրությունից դուրս թողնելով հանրության համար օր առաջ լուծում պահանջող խնդիրները: