ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի՝ վիրաբուժության գծով փոխտնօրեն Արտակ Մանուկյանը։

Նա նշեց, որ վիճակը ծանր է, պայքարում են Մանվել Գրիգորյանի կյանքի համար․ «Որպես այդպիսին՝ կոմա չի եղել, եղել է նախակոմատոզ վիճակ։ Այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գիտակցությունը առկա է, շնչառություն ստանում է թթվածնի դիմակով։ Գիշերվա համեմատ նկատվում է դրական դինամիկա»,- ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանին շտապ օգնության մեքենայով այս գիշեր՝ ժամը 1-ի սահմաններում են տեղափոխել հիվանդանոց և անհրաժեշտ է համարժեք բուժում, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա:

Նշենք, որ Գրիգորյանի փաստաբաններն ահազանգում են, որ իրենց պաշտպանյալին հիվանդանոց են տեղափոխել առողջական վիճակի կտրուկ վատացումից հետո և նրա նկատմամբ խոշտագում է իրականացվում։

Հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: 

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթությամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: