Օրվա թոփ թեման կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր այն մասին, թե Երևանի Ազատության հրապարակում ինչ-որ մարդիկ, ինչ-որ ժամերի «ճռռիկներ» են անում, ավտոմեքենաներ են վարում մայթերով, և սա որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն և չկա իրավակարգ. «Այդ սևազգեստ խմբերի սև շորերի հարցը պետք է լուծել, ծաղկավոր «բաբոչկա» կապել և ճանապարհել վառ ծաղիկներով և ճանապարհել օրինական կյանքի»:

Վարչապետի այս հայտարարությունն ակտիվորեն սկսեց քննարկվել համացանցում: Օգտատերերը հումորային գրառումներին կից սև զգեստով լուսանկարներ էին հրապարակում, որոնք համեմված էին ծաղկավոր ու գունավոր «բաբոչկաներով»: Հրապարակում էին նաև զավեշտալի լուսանկարներ, մասնավորապես, «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի կերպարների մասնակցությամբ:

Ֆլեշմոբից դուրս չէին մնացել հատկապես հանրապետականները, որոնք առաջիններից էին, ովքեր հենց իրենց էին վերագրել վարչապետի խոսքը: Փաստորեն, միայն Փաշինյանին հաջողվեց «ճռռան շոգին» սև զգեստ հագցնել հանրապետականներին:

Այս ամենից զատ, վարչապետի հայտարարությունն արժանացավ նաև քննադատության: Մարդկանց մոտ զայրույթ էր առաջացրել այն փաստը, որ վարչապետը, երկրի առաջնային խնդիրները թողած, հիմա էլ թիթեռ է նկարում:

Ասել է, թե՝ երկրի սև սիրտը, ձեր ծաղկավոր «բաբոչկան»...