Slaq.am-ը շարունակում է ներկայացնել Ազգային ժողովի պատգամավորներին' նրանց անցած ճանապարհը, իրականացրած գործունեությունը։ Ներկայացնում ենք պատգամավորին՝ տարբեր տեսանկյուններից։
Այս անգամ «փորփրել» ենք ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի կենսագրությունը:

Նիկոյանը խորհրդարան է մտել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով' 2003թ-ից:

Նիկոյանն ԱԺ նիստերին մասնակցում է պարտաճանաչ կերպով' 5-րդ գումարման խորհրդարանական նիստերից նա բացակայել է 10 անգամ:

Ըստ parliamentmonitoring.am կայքի, այս ամիսների ընթացքում նա ընդհանրապես հանդես չի եկել հարցադրումներով և մեկ անգամ ելույթով: Ըստ մեր ունեցած տեղեկությունների' Սամվել Նիկոյանը հեթանոս է:

Ստորև ներկայացնում ենք Սամվել Նիկոյանի կենսագրական տվյալները.

Ծնվել է 1958թ. փետրվարի 13-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում:

1982թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը: 1987թ.' ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը: Ճարտարագետ-մեխանիկ:

1982-1990թթ. Երեւանի հիդրոապարատների գործարանում աշխատել է ճարտարագետ-կոնստրուկտոր, ավագ ճարտարագետ, բաժնի պետ, արտադրության պետի տեղակալ, արտադրամասի պետ: 1995թ. եղել է Երեւանի փորձարարական-մեքենաշինական գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1995-1998թթ.' Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի բաժնի վարիչ, 1998-2003թթ.' «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն:

Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրությամբ եւ առաքմամբ: ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, հետագայում' ՀՀԿ անդամ: 1997 թվականից «Երկրապահ» կամավորական միության անդամ է, 2001-2003թթ.՝ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, 2001 թվականից՝ ՀՀԿ խորհրդի, 2012 թվականից՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ:

2010թ. ընտրվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) խորհրդի նախագահ:

2003-2007թթ.' ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ: ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2007-2012թթ.' ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-18.05.2009թթ.' ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցության քարտուղար: 16.06.2008-15.09.2009թթ.' 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: 2008-2012թթ.' Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար: 18.05.2009-06.12.2011թթ.' ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ: ՀՀԿ խորհրդի անդամ:

06.12.2011-31.05.2012թթ.' ՀՀ ԱԺ նախագահ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի անդամ:

Պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2005թ., ՊՆ), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ), «ԱՊՀ ՄԽՎ. 20-ամյակ» (2012թ.), «Ղազախստան. անկախության 20 տարի» (2012թ.) մեդալներով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Սամվել Նիկոյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան Երևանում' 90.5 քմ մակերեսով:

Ունի 1 ավտոմեքենա (Օպել Մոնտեռեյ):

Հաշվետու տարվա եկամուտը' 5 մլն 823 հազ, 890 ՀՀ դրամ (3 մլն 443 հազ. 290 դրամը' պատգամավորի աշխատավարձ, մնացածը ' եկամուտ բաժնեմասից): Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ' 4 մլն 500 հազ. ՀՀ դրամ և 69 հազ. ԱՄՆ դոլար:

«ՆԱՐ» ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս:

Թանկարժեք գույք, ըստ հայտարարագրի, չունի: