ԱԺ ճեպազրույցում ՕԵԿ ներկայացուցիչները եւս խոսեցին մայիսին կայանալիք ավագանու ընտրություններից: Պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ պայքար են կանխատեսում Օրինաց Երկիր կուսակցությունում՝ ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Մենք կարծում ենք, որ կլինի թեժ պայքար, Օրինաց Երկիր կուսակցությունը գնում է հաղթելու վճռականությամբ»:
ԱԺ-ում հաջորդ բանախոսը ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանն էր, ով նախ ամփոփեց քառօրյայի աշխատանքները՝ այդ առումով կարեւորելով Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությունը: «Այդ նախաձեռնությունը ընդունվեց պետաիրավականի հանձնաժողովի անդամների կողմից միաձայն»: Ապա Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Մեր այն հարցից, թե ինչու՞ են ՀԱԿ ներկայացուցիչները խուսափում այցելել Ազատության հրապարակ, Գագիկ Ջհանգիրյանը նախ բորբոքվեց՝ ասելով. «Ո՞վ ասեց, էդ ովա ներկա- բացակա անում, մեր ներկայացուցիչներից, օրինակ, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը այցելել են»: Մեր ճշտող հարցին, թե Դուք գնալու եք արդյո՞ք, կամ ինչո՞ւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը չի այցելում Ժառանգության առաջնորդին, Գագիկ Ջհանգիրյանը դարձյալ արձագանքեց. «Ես չեմ հասկանում այցելությունների իմաստը, եթե ինքս համոզվեմ, ապա կհամոզեմ, որ Լեւոն Տեր- Պետրոսյանը այցելի»:
Գագիկ Ջհանգիրյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀԿ խոսնակի այն հայտարարությունը, թե ավագանու ընտրություններում պայքարը կընթանա երկրորդ տեղի համար: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ՀԱԿ-ը քանի՞ տոկոս ձայն է ակնկալում այս ընտրություններում, Ջհանգիրյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ես հո սուրճի բաժակ նայող չե՞մ, որ ասեմ, թե ինչքան ձայն ենք հավաքելու, ինչքան երեւանցիները քվեարկեցին, այնքան էլ կստանանք»:
Փայլակ Ֆահրադյան