Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն ՀՀ ԱՎԿ-ի կողմից ներկայացված տվյալների՝ 2019թ. հունվար-մայիս ժամանակային միջակայքում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ գրանցվել է 107.3% տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ ՏԱՑ: Ինչ խոսք՝ առաջին հայացքից տպավորիչ է, եթե չլինեն մի շարք բայցեր: 2019-ի մայիսի ՏԱՑ ցուցանիշը 2018-ի մայիսի համեմատ կազմել է 7.3%։ 2019-ի հունվար-մայիսը 2018-ի հունվար մայիսի նկատմամբ կրկին կազմել է 7.3% է։ Սա այն դեպքում, երբ 2019-ի հունվար-ապրիլը 2018-ի հունվար-ապրիլի նկատմամբ 7.1% էր: Կամ մեկ այլ ցուցանիշ՝ այս տարվա ապրիլին արտահանվել է 208․3 մլն դոլարի ապրանք, իսկ մայիսին՝ 208․3 մլն դոլարի։ Ինչպես ասում են՝ ինչ-որ բան այն չէ, կամ գուցե ԱՎԾ-ն նոր տնտեսագիտական հաշվարկնե՞ր է հնարել, որոնց փորձագիտական լայն հանրությունը դեռևս տեղյակ չէ, կամ գուցե ԱՎԾ-ում նստած են «քոփի» անելու սուրբ գործի վրա՞:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ տնտեսական աճին զուգահեռ՝ նվազել է ներմուծումը. արդյո՞ք պահանջարկի և գնողունակության անկման պատճառով: Հարց է նաև, թե հատկապես որ ծառայությունների հաշվին է ոլորտում աճ գրանցվել: Ինչպես տնտեսության իրական վիճակը բնութագրող էլեկտրաէներգիայի արտադրության դեպքում, այնպես էլ ոչ պակաս կարևոր ցուցանիշ համարվող արտաքին առևտրի հաշվեկշռի պարագայում արդեն որերորդ ամիսն է՝ առկա բացասական են, աճի մասին էլ խոսք չկա: Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով՝ արտաքին առևտուրը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի առևտրի 97.4%-ը: Տնտեսության իրական հատվածների աճի ցուցանիշը ևս շատ համեստ է: Արդյունաբերությունը, ըստ ԱՎԾ-ի, աճել է 5.6 տոկոսով, շինարարությունը՝ 6.1: Իսկ գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությունը, եվրոպական ստանդարտների համաձայն, հրապարակվում է եռամսյակային կտրվածքով: Հետևաբար, գյուղատնտեսության տվյալներ չկան: Փոխարենը՝ ոչ մի կերպ չի հաջողվում վերականգնել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Այս մայիսին էլեկտրաէներգիա արտադրվել է նախորդ տարվա մայիսի 92.6 տոկոսի չափով:
Արդյո՞ք նման գեղեցիկ պատկերներ ստանալու համար չէ, որ Փաշինյանն իր պաշտոնում պահել է Սերժ Սարգսյանի կադր համարվող Ստեփան Մնացականյանին, ով, ըստ էության, հմուտ աճպարարության շնորհիվ բարձր է պահում վարչապետի կաբինետի պատիվը՝ հանրությանը հրամցնելով տնտեսական թռիչքաձև աճ: Իսկ կա՞ արդյոք այդ աճը, զգո՞ւմ են արդյոք այդ աճը իրենց վրա հասարակ քաղաքացիները՝ իհա՛րկե ոչ: Ուրեմն մի բան այն չէ: Հունվար-մայիսին տնտեսական ակտիվության 7․3–տոկոսանոց ցուցանիշ ստանալու համար ԱՎԾ-ին բավարար էր փոխել առաջին եռամսյակի՝ երկու ամիս առաջ հրապարակած ցուցանիշները։ Ինչպես ասում են՝ ամեն հանճարեղ բան պարզ է…