Երևանի փողոցներում թույլատրված հիմնականում առավելագույն 60 կմ/ժամ արագությունը 10 կմ/ժամ–ով նվազեցնելու պարագայում հնարավոր կլինի 40 տոկոսով նվազեցնել ՃՏՊ–ների դեպքում ծանր վնասվածքների ու մահերի վիճակագրությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ ղեկավար Պողոս Շահինյանը' մեկնաբանելով մայրաքաղաքի իշխանությունների' երթևեկության անվտանգությանն ուղղված ծրագրերը։

«Պետք է հաշվի առնել, որ գոյություն ունի արգելակման ճանապարհ։ Երբ մարդն արգելակում է, մեքենան անմիջապես կանգ չի առնում։ Եվ 60 կմ/ժամ արագության դեպքում' կախված եղանակային պայմաններից, մեքենան կարող է մինչև 3 մետր առաջ գնալ։ Ավելի դանդաղ վարելու դեպքում այդ 3 մետրը դառնում է 1-1.5 մետր։ Վթարի հավանականությունն էլ նվազում է»,– ասաց նա։

Պողոս Շահինյանը նաև նշեց, որ եթե դրան զուգահեռ ավտոմեքենայի վարորդներն ու բոլոր ուղևորներն էլ ամրակապված լինեն, վթարի հետևանքով ծանր վնասվածքներն ու մահվան դեպքերն ընդհանրապես կբացառվեն։

Բայցևայնպես, ճանապարհային անվտանգությունը Շահինյանի խոսքով, միայն ավտոմեքենան կամ վարորդը չեն, այլ ավտոմեքենայի տեխնիկական վիճակը, վարորդի հմտություններն ու ճանապարհի որակը միասին։

«Հիմա էլ առավելագույն արագությունը 60 կմ/ժամ է, բայց մարդիկ երթևեկում են 70, 80 կմ/ժամ և ավելի արագությամբ։ Այդ մասին է վկայում խախտումների պաշտոնական քանակը։ Բայց եթե ճանապարհը լինի ճիշտ կահավորված, ինժեներական լուծումներով, սահմանված արագությունը վարորդը ֆիզիկապես չի կարող գերազանցել»,– ասաց Շահինյանը։

Միաժամանակ, երթևեկության անվտանգության մասին խոսելիս, ՀԿ նախագահը խորհուրդ է տալիս չմոռանալ նաև կարգազանց հետիոտնի առկայությունը երևանյան ավտոճանապարհներին։

«Հետիոտնն այսօր անցնում է ցանկացած վայրով։ Անգամ եթե վարորդը երթևեկում է 50 կամ 40 կմ/ժամ արագությամբ, երեկոյան, մուգ շորերով կամ անձրևի դեպքում հետիոտնը ուղղակի անտեսանելի է։ Այս դեպքում միայն ցածր արագության դեպքում ռիսկը փոքր–ինչ կնվազի»,– նշեց Պողոս Շահինյանը։

Վերադառնալով Երևանի իշխանությունների առաջարկին ՀԿ նախագահը նշեց, որ ողջունում է նման մոտեցումը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի փողոցներում առկա են բոլոր երեք խնդիրները միաժամանակ' անսարք ավտոմեքենաներ, ոչ հմուտ ու անկարգապահ վարորդներ ու ոչ բարվոք ավտոճանապարհներ։

Հիշեցնենք, մայրաքաղաքում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու համար Երևանի ավագանու հունիսի 26-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ անհրաժեշտ է նվազեցնել մայրաքաղաքի ավտոճանապարհներին առավելագույն թույլատրված արագությունը։ Առաջարկ եղավ նաև Երևանում առավելագույն արագությունը սահմանել 50 կիլոմետր-ժամ՝ ներկա պահին գործող 60-ի փոխարեն։

Երևանի երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով համալիր լուծումների թվում քաղաքապետը նշել էր նաև հետիոտնային անցումների լուսավորման, կարգավորվող անցումների կահավորման, վերգետնյա և ստորգետնյա անցումների ավելացման, երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության խստացման անհրաժեշտության մասին։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով այս տարվա միայն հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում ՃՏՊ-ների զոհ է դարձել 67 մարդ:

armeniasputnik.am