Իսկական ցնցում Քվենտին Տարանտինոյի երկրպագուների համար. «Քրեական ընթերցվածք», «Սպանել Բիլլին» ֆիլմերի հեղինակը որոշել է ավարտել կարիերան։ Ռեժիսորը կարծում է, որ կինեմատոգրաֆիայի աշխարհում հասել է իր ճանապարհի ավարտին։
«GQ» հայտնի ամսագրին տված նոր հարցազրույցում 56-ամյա Քվենտին Տարանտինոն, որի իններորդ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը շուտով էկրաններ կբարձրանա, ասել է, որ ծրագրում է եւս մեկ գեղարվեստական ֆիլմ նկարահանել՝ իր ռեժիսորական կարիերան սահմափակելով տասը ֆիլմով։ «Կարծում եմ, որ երբ խոսքը ֆիլմերի մասին է, ես հասել եմ իմ ճանապարհի ավարտին»,- ասել է հոլիվուդյան ռեժիսորը։
Նա, սակայն, ամբողջությամբ չի հրաժարվի իր ստեղծագործական նախագծերից։ Ռեժիսորի խոսքով՝ ինքն իրեն տեսնում է գրողի կամ սցենարիստի դերում թատերական ներկայացումների համար։ «Ես պարզապես կարծում եմ, որ տվել եմ ամենն, ինչ պետք է տայի ֆիմերին»,- հավատացած է Քվենտինը։
Հայտնի ռեժիսորը հավելել է, որ եթե թողարկումից հետո հանդիսատեսն ու քննադատները լավ ընդունեն «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը, կարող է նույնիսկ մտածել ինը ֆիլմի վրա կանգ առնելու մասին։ Առայժմ նա պատրաստ չէ հստակեցնել։