Հայաստանում, եթե գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործողության ժամկետի երկուսից ավելի անգամ է երկարաձգվում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

Կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հուլիսի 4-ի նիստում:

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, գործատուների կողմից ժամկետները լրանալու հիմքով աշխատանքային հարաբերությունների դադարեցման կամայականությունները հնարավորինս բացառելու նպատակով Կառավարությունը ընդունել է նախագիծ, որով նախատեսվել է միեւնույն գործատուի մոտ միեւնույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետների երկարաձգման կամ նորացման վերաբերյալ սահմանափակումներ սահմանել։

Իսկ համատեղությամբ աշխատանք կատարողների հետ պետք է կնքվի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:

«Համատեղությամբ աշխատանք կատարողների հետ աշխատանքային պայմանագիրը կնքում որոշակի ժամկետով միայն այն դեպքում, երբ աշխատողն այդ մասին գրավոր միջնորդել է կամ տվել է գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն»,- նշված է նախագծի մեջ։

Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց:

Նախագիծը մշակել են ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Լուսինե Բադալյանը։