Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ոլորտի զարգացման համար գործուն քայլեր են անհրաժեշտ: Հեռու ենք այն մտքից, որ վարչապետը գիտակցել է իր նշանակած քաղավիացիայի պետի ոչ կոմպետենտ լինելը, սակայն այս խորհրդակցությունն արդեն իսկ գալիս է փաստելու, որ մեկ տարի շարունակ չի արվել այն, ինչ պետք է արդեն արված լիներ: Տաթևիկ Ռևազյանի անունը հանրությունը հիշում է ոչ այնքան նրա կատարած ազգանվեր գործի, որքան Աժ-ում նրա՝ սիրուն աղջկա շուրջ ծագած վեճի շնորհիվ:»
Մեկ տարին բավական լուրջ ժամանակահատված էր, որպեսզի մենք ի վերջո մտածեինք ազգային ավիափոխադրող ունենալու մասին, որպեսզի վերանայման ենթարկվեր տոմսերի գնային քաղաքականությունը, որպեսզի տարանցիկ երկիր դառնայինք ոչ միայն այն դեպքում, երբ հարևանները գտնվում են պատերազմի շեմին, այլև ապրիորի՝ մեր կարողությունների և առավելությունների շնորհիվ: Վարչապետն անշուշտ տեղյակ է, որ ոլորտի մասնագետները, միմյանց հերթ չզիջելով, քննադատում են երիտասարդ պետին՝ պահանջելով ազգային անվտանգության հետ առնչվող ոլորտը վստահել ավելի փորձառու, առնվազն՝ ոլորտից հասկացող մեկին:
Սակայն տպավորություն է, որ Փաշինյանը չլսելու է տալիս վերոնշյալ քննադատությունները՝ համառորեն Ռևազյանի արդյունքին սպասելով: Միակ արդյունքը, որ մինչ օրս գրանցվել է, թերևս Ռևազյանի անհամար վոյաժներն են՝ պետական բյուջեի հաշվին, իսկ թե այդ վոյաժների ընթացքում ինչ կարևորագույն խնդիրներ են քննարկվել և լուծում ստացել, դժվար է ասել:
Արդյո՞ք Կառավարությունում բավականին լավ են ուսումնասիրել Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի կենսագրությունը, գիտե՞ն, տեղեկացվա՞ծ են նրա իրական կրթական ու ինտելեկտուալ մակարդակի ու պրոֆեսիոնալ պատրաստվածության մասին, որ վերջինիս նշանակել են պետական հույժ կարևոր գաղտնիքի օգտատեր ու նրան են վստահել, այդ թվում՝ թիվ 1 բորտի ուղեկցման ողջ աշխատանքները, կամ էլ սուրճի սեղանի շուրջ ադրբեջանցի պատվիրակների հետ պատահական քննարկումներ է անցկացնում…