Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Լուսակունք գյուղում հունիսի 27-ին քեֆ-ուրախություն էր: Բանակ էին ճամփում Սարգսյանների ավագ որդուն՝ Հակոբին:
Հակոբը բանակ էր շտապում գլխապատառ, օրական գնում էր զինկոմիսարիատ՝ խնդրում իրեն օր առաջ բանակ տանել:
«Տանելու նախորդ օրը եկավ մեր տուն, ասացի՝ ո՞ւր էիր գնացել, ասաց' վայենկոմատ, ասաց՝ գնացի ասացի՝ ինձ շուտ տանեն բանակ: Ասացի' ինչի՞, փոխանակ իրենք ընկնեն քո հետևից, դո՞ւ ես ընկնում վայենկոմատի հետևից»,-պատմեց Հակոբի տատը՝ Քնարիկը: Բանակում զինվորին կարողացան պահել ընդամենը հինգ օր: Այս դեպքը նման է 2012-ի դեկտեմբերի 23-ին հոսպիտալում մահացած, 1994-ին ծնված նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի մահվան դեպքին' մի տարբերությամբ, Նորայրին կարողացան պահել 48 ժամ, Հակոբին՝ 10 օր (5 օր' Ղարաբաղում, 5 օր' Երևանում), սակայն երկուսն էլ մահացան մարդկային անտարբերությունից:
Ղարաբաղ զորակոչված նորակոչիկ Հակոբին «զբոռնի պունկտում» (հավաքակայան) վեց ասեղ պատվաստում են արել և տարել Ղարաբաղ: Արդեն Ղարաբաղից Հակոբը զանգել և ասել է, որ ջերմություն ունի: Հայրը զարմացել է, քանի որ որդին երբեք ջերմություն չի ունեցել: Արդեն Ասկերանից որդին զանգել և ասել է, որ ամեն ինչ լավ է, բայց դեռ ջերմում է: Ու թեև ջերմությունը բարձր էր, Հակոբին վազեցնում էին, հանձնարարում վարժություններ անել: Քնար տատի հետ խոսելիս ասել է. «Այնքան եմ քրտնում, մայկես քամում եմ, հագնում»: Արդեն երրորդ օրը զանգել է ասել, որ իրեն վատ է զգում, սրտխառնոց ունի և կանաչ գույնի ջուր է փսխում:
«Տարել են սանչաստ, իրիկուն է եղել, սանչաստի աշխատողն ասել է, թե աշխատանքային ժամն ավարտվել է, գնա, վաղը կգաս... տարան երեխուս գլուխը կերան»,- հուզված պատմեց Հակոբի հայրը՝ Արթուր Սարգսյանը՝ հավելելով, որ «սանչաստում սրսկելուց հետո հետ են բերել, իսկ չորրորդ օրը շարքի մեջ կանգնած Հակոբը ուշագնաց է եղել»: Հակոբին տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ: Ասում են՝ այնքան ագրեսիվ է եղել Հակոբը, որ չորս հոգով հազիվ են կարողացել բռնել և քնաբեր ներարկել, որից հետո կոմայի մեջ է ընկել, նրան տեղափոխել են Երևանի «Մուրացանի» հոսպիտալ. «Իրականում որդիս արդեն մահացած էր, իրեն արհեստական շնչառություն էին տվել, ասում էին կոմայից դուրս կգա, բայց այդտեղ էլ խաբեցին հինգ օր, հինգերորդ օրն ասացին՝ սիրտը չդիմացավ...»,- պատմեց հայրը:
«Մեկ անգամ բժշկի չենք դիմել, մեկ անգամ որևէ առողջական խնդիր չի ունեցել, ավելին' սպորտով է զբաղվել, մասնավորապես քիք-բոքսինգով, մրցումների է մասնակցել, բազմաթիվ մեդալներ ունի: Բացի այդ, բանակ գնալուց առաջ նա անցել է բժշկական զննություն և ամեն ինչ նորմալ է եղել: «Մուրացանի» հոսպիտալում Փարսադանյանը համոզում էր, թե եթե ասես' երեխան քաղաքացիական կյանքում հիվանդ է եղել, մենք կօգնենք, կփրկենք երեխային, խաբում էր... Այդպես էլ որդիս կոմայից դուրս չեկավ»:
Հուլիսի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, «Մուրացանի» հոսպիտալում մահացավ 18-ամյա շարքային Հակոբ Սարգսյանը, որի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Գործով արդեն երրորդ քննիչն է փոխվում, բայց որևէ կերպ «կծիկը» չի բացվում, հանգամանքները բացահայտելու պատրաստակամություն ծնողները քննիչների կողմից չեն նկատում:
Դատաբժշկական եզրակացության մեջ գրվել է, որ Հակոբը մահացել է օդակաթիլային մենինգիտի: Այդ ընթացքում անգամ համաճարակաբան են ուղարկել Լուսակունք գյուղ՝ փորձելով ապացուցել, թե գյուղից է տղան վարակված եկել, թե հնարավոր է' բանակի խնջույքի հյուրերից է վարակվել, հետո համոզվել են, որ գյուղում նման խնդիր չկա, և այդ վարկածը հերքվել է, սակայն որևէ այլ բան չի պարզվել: Ծնողները վստահ են, որ փորձում են երկարաձգելով ժամանակ շահել և կոծկել գործը:
Ծնողները հավատացած են, որ երեխան պատվաստումից հետո արյան վարակում է ստացել և որևէ օգնություն չի ցուցաբերվել նրան փրկելու համար: «Մահացավ որդիս անտարբերությունից, հինգ լիտր բենզին ափսոսացել էին լցնել մեքենան որդուս հիվանդանոց հասցնեին, օգնություն ցույց տային, և միայն վերջին' մահամերձ ստադիայում են տարել հոսպիտալ: Ցավազրկող դեղեր են տվել, մտածել են, թե սուտ է ասել երևի, այդպես սպանեցին տղայիս»,- հուզված ասաց հայրը:
Քննիչի բերած դատաբժշկական եզրակացության թուղթը, ըստ որի՝ որդին մահացել է օդակաթիլային մենինգիտի, և որևէ մեկին չեն կարող պատասխանատվության ենթարկել, հայրը չի ստորագրել, քանի որ վստահ է՝ կատարյալ սուտ է:
Հակոբը գյուղում մեծացած առողջ երեխա էր, շատ առողջ, դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի էր ընդունվել ոսկու հանքում որպես զոդող: Իր աշխատանքը արհեստավարժ էր կատարում: «Իմ թև ու թիկունքն էր տղես»,- ասում է հայրը, ով որդու մահից հետո կորցրել է ամեն ինչ՝ առողջություն, տուն: Մյուս որդուն չի ուղարկելու բանակ, կգերադասի ինքը սպանի, քան տա բանակում հոշոտեն:
Նախկինում Արթուր Սարգսյանը գնում էր արտագնա աշխատանքի և կարողանում էր պահել ընտանիքը: Գրեթե մեկ տարի է, աշխատանք չունի: Որդու մահից հետո կորցրել է առողջությունը, ողնաշարի նյարդի բորբոքում ստացել և հիմա գտնվում է հետվիրահատական շրջանում: Գյուղի տունն էլ վաճառել է, որ Հակոբի գերեզմանի քարը պատրաստի: Արդեն Ալավերդիում պատվիրել է քարը, ասել են՝ մայիսին պատրաստ կլինի:
Ի դեպ, մեկ անգամ հանդիպել է պաշտպանության նախարարին, երբ որդին գտնվում էր հոսպիտալում, նախարարը ինքն էլ հուզվել է: Հակոբի ծնողները վստահ են, որ նախարարին էլ իրականում չեն իրազեկել գործի մանրամասները և հիմա ամեն ինչ անում են գործը ծածկելու համար, դրա համար անընդհատ քննիչ են փոխում:
Հայրը թեև կյանքի նկատմամբ կորցրել է հույսը, քանի որ Հակոբի մահից հետո ամեն ինչ անիմաստ է դարձել, սակայն ամեն ինչ անելու է գործը բացահայտելու համար: Նա հավատացած է, որ եթե մեկ անգամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, բանակում այսքան մահվան դեպք չի լինի, կհասկանան, որ ամեն զինվորի կյանք մի կյանք է, մի տան լույս, և որևէ մեկը իրավունք չի տվել հանգցնել այն: