Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արձագանքել է ՍԴ դատավոր ընտրվելուց հետո ինքն իրեն Սահմանադրական դատարանի նախագահ հռչակած Վահե Գրիգորյանի նամակին և փաստացի պաշտպանել է Հայաստանում Սահմանադրական ճգնաժամի առկայության մասին Գրիգորյանի դիրքորոշումը: Փաշինյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի ներկա նախագահ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է դատարանի նախագահի պաշտոնը: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ Թովմասյանին սեփականաշնորհման վկայականները տվել է ԱԺ-ը, այն նույն ԱԺ-ը, որը Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ: Ստացվում է՝ երբ հարցը վերաբերվում է իրեն, ԱԺ քայլերը օրինական են և լեգիտիմ, երբ հարցը վերաբերվում է Թովմասյանին՝ ոչ:
 
Փաշինյանի հարցազրույցի «մեխերից» մյուսը վերաբերվում էր սահմանադրության փոփոխությանը: Փաշինյանը ակնարկեց, որ առնվազն այս փուլում չի ցանկանում և չի պատրաստվում փոխել այն: Միևնույն ժամանակ, վարչապետի խոսքից հասկացվում է, որ հենց այդ սահմանադրությունն է նրան խանգարում որոշ քրեական գործերում առաջընթաց ապահովել: Իհարկե, շատ հարմար դիրքորոշում է, մի կողմից վերոնշյալ գործերի առաջ չգնալու փայլուն արդարացում է, մյուս կողմից՝ սուպերվարչապետական համակարգի բարիքները վայելելու հնարավորություն:
 
Փաշինյանը չշրջանցեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեման: Հարցին՝ ինքը համամիտ է հասարակական որոշ շրջանակների հետ, որոնք Քոչարյանին համարում են քաղբանտարկյալ, պատասխանեց․ «Ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ասում են, որ այսօր ես իրավունք ունեմ ՀՀ ԶՈւ-երը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել: Եթե ես կամ, որևէ մեկը իրավունք չունի այդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել: Եթե նա քաղբանտարկյալ է, մենք ասում ենք՝ տենց ա Հայաստանում, երբ տեսանք, որ իշխանությունը կորցնում ենք, ի՞նչ խնդիր կա, տանկերը բոլոր տեղերից կվերցնենք կմտցնենք Երևան, դե եկեք վերցրեք իշխանությունը, տեսնենք ոնց եք վերցնում»,- ասաց նա: Սա ակնհայտ մեսիջ է,  որ իշխանությունը կորցնելու վտանգի ժամանակ ինքը կարող է տանկեր դուրս բերել մայրաքաղաքի փողոցներ:
 
Փաշինյանը հայտարարում է, որ իր կառավարության գլխավոր ձեռքբերումը ժողովրդավարությունն է, սակայն երեկ ՝ Իջևանում արձանագրված դեպքերը լավագույնս վկայում են, որ ժողովրդավարության և ամբոխավարության սահմանները Հայաստանում լղոզված են: Եվ դրա մեղավորն էլ հենց օրվա իշխանություններն են, քանի որ եթե դու ժողովրդի մի մասին «դուխ» ես տալիս և դուրս բերում փողոց՝ դատարանների մուտքերը արգելափակելու կոչով, ապա պետք չէ զարմանալ, որ մի օր էլ Իջևանում ծառահատողները կարող են նույն «դուխով» միջպետական ճանապարհ փակել և մտածել, որ նույն կերպ՝ բռնությամբ և ապօրինի ճանապարհով, կարող են լուծել իրենց խնդիրները: Սա է Փաշինյանի ժողովրդավարությունը, որը շատ շուտով սպառնում է վերածվել անարխիայի: