Հետեհղափոխական Հայաստանում ստվերում են հայտնվել խոշոր քաղաքների՝ նախկին իշխանության մաս կազմող քաղաքապետները: Նրանցից շատերը շարունակեցին պաշտոնավարել, և հասարակության մի ստվար հատվածի մոտ տպավորություն է ստեղծվել, որ հինը հաջողությամբ մերվել է նորի հետ: Այդպե՞ս է արդյոք, և ինչո՞վ են անցած 15 ամիսների ընթացքում զբաղված եղել նախկին ՀՀԿ-ական քաղաքապետները: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը օրինակ, այս ողջ ընթացքում աշխատել է նոր իշխանությունների հետ խոսել մեսիջների տեսքով: Օրինակ՝ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Բալասանյանների ընտանիքը պատրաստվում է վաճառել Գյումրիում գործող «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկան, որտեղ աշխատում է շուրջ 100 աշխատակից: Բալասանյանները դրանով փորձում են «մեսիջ» ուղարկել նոր իշխանություններին, որ եթե շարունակեն իրենց վրա տուգանքներ գրելու քաղաքականությունը, ապա աշխատատեղեր կփակվեն, ինչը Գյումրիի նման աղքատ քաղաքում կարող է հակաիշխանական բունտի հանգեցնել: Գուցե և մեսիջը տեղ է հասել, համենայնդեպս Բալասանյանի հանդեպ ակնհայտ ճնշում այս ամիսների ընթացքում չի նկատվում: Ավելին, ինչ-որ տեղ նաև դուխ են տվել: Միայն այդպես կարելի է բացատրել քաղաքապետի դուխով պահվածքը ՌԴ դեսպանի հետ հանդիպման ժամանակ, երբ Բալասանյանը հայտարարեց, որ ռուսական տանկերը փչացնում են Գյումրիի ճանապարհները: Ռուսական տանկերը նախկինում էլ են վնաս հասցրել հայրաքաղաքի ենթակառուցվածքներին, սակայն Բալասանյանը երբևէ նման ելույթներ չէր ունենում:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նոր Հայաստանում ևս իրեն օտար չի զգում: Չհաշված Լոռու մարզպետի հետ քաղաքական գզվռտոցները՝ Ասլանյանի դիրքերը բացարձակապես չեն թուլացել: Վերջինս այնքան լեգիտիմություն ունի, որ կարողանում է հեշտությամբ լուծել գործադուլ հայտարարած վարորդների բարձրաձայնված խնդիրները:
Ինչ վերաբերվում է Աշտարակի և Գորիսի քաղաքապետերին, ապա նախկին հանրապետական երիտասարդները իրենց չեն կորցնում նաև իմքայլական իշխանության օրոք: Թովմաս Շահվերդյանը օրինակ, հաջողացրել է սերտ հարաբերություններ հաստատել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հետ. այդ հարաբերություններն այնքան սերտ են, որ մարզպետը միայն քաղաքապետին պատկանող «օբյեկտում» է ընդմիջումներ անում։
Ինչ վերաբերվում է Գորիսի անչափ ամբիցիոզ քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ըստ որոշ շրջանառվող լուրերի՝ նա այստեղ-այնտեղ հպարտանում է՝ ասելով, թե գործարար հայրը կարողացել է «վերևների» հետ լեզու գտնել և ամրապնդել իր դիրքերը քաղաքապետի պաշտոնում: Վերևների դաբրոն» քաղաքապետին նոր հնարավորություններ է տվել՝ շարժվել այնպես, ինչպես սիրտն է ուզում, և նա փորձեր է անում ազատվելու նրանցից, ովքեր նախկին իշխանությունների հետ որևէ կերպ առնչվում են․․.