Երևանում աղբային հակամարտությունը շարունակվում է: Կողմերը՝ քաղաքապետարանը և Սանիթեք ընկերությունը, միմյանց են մեղադրում ստեղծված իրավիճակի մեջ, իսկ երևանցիները պահանջում են Երևանը մաքրել աղբի կույտերից և վերացնել գարշահոտը: Երեկ այս աղբային պատերազմը որոշակի զարգացում ստացավ, երբ Սանիթեքի բաժնետերերը սկզբում հայտարարեցին Թբիլիսիում ասուլիս անելու մտադրության մասին, այնուհետև փոշմանեցին և որոշեցին ասուլիսը կազմակերպել Երևանում: Ինչն ուշագրավ է՝ Թբիլիսիի ասուլիսին, ըստ տարածված հաղորդագրության, պետք է ներկա լինեին նաև ընկերության բաժնետերերը, իսկ ահա Երևանյան ասուլիսին նրանց մասնակցությունը հարցականի տակ է: Ի դեպ, Սանիթեքի ղեկավարությունը կարծես թե ցանկանում էր որոշակի փակագծեր բացել, և անչափ հատկանշական է, որ շատ պատահական կերպով հենց այդ նույն օրը ՊԵԿ-ը որոշեց հանրությանը հիշեցնել, որ «Սանիթեք» ընկերությունը մեղադրվում է խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ։

Ինչպես տեղեկացրին ՊԵԿ մամուլի ծառայությունից, «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին։ Իհարկե հասկանալի է, որ սա ոչ թե հիշեցում է, այլ մեսիջ Սանիթեքին: Իսկ թե ինչից և ինչ բացահայտումներից է խուսափում քաղաքապետարանը, հարց է: Մեծ հարց է նաև այն, թե ինչու չի հրապարակվում Սանիթեքի հետ կնքած պայմանագիրը: Հայտնի է, որ «Սանիթեք» ընկերության հետ Երևանի քաղաքապետարանը կնքել է երկու պայմանագիր։ 2013 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված առաջին պայմանագրում որպես Կատարող կողմ հանդես է գալիս «Սանիտեք» ընկերությունը, որը գրանցված է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում (ստորագրված՝ Նիկոլաս Նաբիլ Էլ Թաուիլի)։ «Սանիթեքին» է հանձվել Երևան քաղաքի Արևմտյան հատվածի (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտորն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ) աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունը։ 2015 թվականի մարտի 27-ին Երևանի քաղաքապետարանը առանց մրցույթի (մրցույթի հայտարարման մասին տեղեկություններ առկա չեն) ևս մեկ պայմանագիր է կնքել 10 օր (պայմանագրի կնքման պահից) առաջ ՀՀ-ում գրանցված (գրանցման համար՝ 278.110.849775 / 2015-03-17) «Սանիթեք Ինթերնեյլշնլ» ընկերության հետ (ստորագրված՝ Նիկոլաս Էլ Թավիլ) և վերջինիս հանձնել Երևան քաղաքի Արևելյան հատվածը (Ավան, Արաբկիր, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն)։

Ըստ քաղաքապետարանի՝ պայմանագիրը հրապարակային է, և ցանկացած քաղաքացի հարցման դեպքում կարող է դրան ծանոթանալ: Սակայն տրամաբանական է, որ եթե ստեղծվել է նման իրավիճակ, հենց քաղաքապետարանի շահերից է բխում առանց ավելորդ բյուրոկրատիայի հանրությանը ներկայացնել սույն պայմանագիրը, որպեսզի հանրությունն էլ իր հերթին հասկանա, թե ով է ի վերջո մեղավոր Երևանը Մումբայի վերածելու մեջ: Ինչո՞ւ քաղաքապետարանը չի գնում նման քայլի, ի՞նչ են թաքցնում, գուցե կարող է պարզվել, որ քաղաքապետարանը ունի պարտականություններ, որոնք չի կատարում, կամ որոնց կատարման հարցում թերանում է, և այս պարագայում արդեն դժվար քաղաքապետ Մարությանին հաջողվի խուսափել ժամանակին իրեն 80 տոկոս քվե տված, իսկ այսօր արդեն աղբի մեջ կորած երևանցիների ցասումից: Հասկանալի է, որ բողոքի նոր ալիքին քաղաքապետը և վերջինիս վարկանիշը դժվար թե դիմանան: