Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջած պաշտոնները պարզապես ֆանտաստիկայի ոլորտից են: Չեմ կարծում, թե նախագահականում այդ ամենին լուրջ կվերաբերվեն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած երեկվա պահանջներին:

Հիշեցնենք, որ իր նամակում, որն ուղղված է Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանը թվարկել է հետևյալ պահանջները՝ նախագահական արտահերթ ընտրությունների անցկացում՝ այս տարվա ընթացքում, առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից՝ այդ պաշտոններում ժողովրդի՝ հանձինս Հովհաննիսյանի մարդկանց նշանակում, հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի, գյուղապետերի ազատում, բոլոր ընտրակեղծարարների, այդ թվում՝ քրեական պատասխանատվության ենթարկել մարզպետների, կուսակցությունների պատասխանատուներին, կառավարության և ծառայությունների թվից հետևյալ ոլորտների ղեկավարների նշանակում ժողովրդի՝ հանձին Հովհաննիսյանի ներկայացրած անձանց՝ ՀՀ գլխավոր դատախազություն, Հարկային և Մաքսային պետական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն, ԱԳՆ, ԿԳՆ, Վերստուգիչ պալատ, Արդարադատության խորհուրդ, Հակակոռուպցիոն հանձնաժողով:

Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները պաշտոնների տեսքով, գոնե մասամբ կբավարարվե՞ն Սերժ Սարգսյանի կողմից, թե՞ ոչ, Գ. Եղիազարյանը պատասխանեց. «Դա ուղղակի ծիծաղելի է: Նման ֆանտաստիկ մտքին անգամ Ալեքսանդր Բելովը կնախանձեր: Ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ ԿԸՀ-ի Մուկուչյանը, վստահաբար կարող եմ ասել, խարակիրի չեն անում: Կարծում եմ՝ այս պահանջներն անուշադրության կմատնվեն նրանց կողմից»:

Եղիազարյանը շեշտեց, որ Սերժ Սարգսյանը, ելնելով փոխզիջման քաղաքականությունից, կքննարկի Րաֆֆի Հովհաննիսյանին որոշ պաշտոններ տրամադրելու հարցը և «մի երկու բան կշպրտի նրան», բայց դրանք չեն լինի Րաֆֆի Հովհաննիսյանի մատնանշած պաշտոնները: «Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ես լսում եմ, տպավորություն եմ ստանում, որ հայ ազգի ողբերգության անկյունաքարը մարզպետներն են: Գուցե Սերժ Սարգսյանը մի երկու մարզպետի պաշտոն տա նրան: Բայց այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջին քայլով լեգիտիմացրեց Սերժ Սարգսյանին, թողեց, որ նա աշխատի որպես նախագահ, փաստ է: Րաֆֆին լեգիտիմացնում է, որ ձյաձյան հանկարծ վրան չզայրանա: Կարծում եմ, որ մի բանի շուրջ կպայմանավորվեն, բայց այդ զիջումները կլինեն այն մասին, ինչ կցանկանա Սերժ Սարգսյանը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակի «այս ոճով, նմանատիպ չմտածված քայլերով շարունակել պայքարը, անիմաստ կբորբոքի խեղճ ու կրակ մարդկանց, ովքեր դեռ հույս ունեն, որ նրա միջոցով հնարավոր կլինի իշխանափոխություն կատարել»:

Գուրգեն Եղիազարյանը նաև կարծիք հայտեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանության առաջարկներն արագ չընդունի, կկորցնի դրանք:

Նրա դիտարկմամբ՝ երեկվա հանրահավաքն անկազմակերպ էր նաև ելույթների հերթականության առումով: Ըստ նրա՝ հանրահավաքի ամենաուժեղ ելույթը Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանինն էր, ով, ըստ նրա, պետք է ելույթ ունենար վերջում՝ հանրահավաքն ազդեցիկ դարձնելու համար:

«Այստեղից երևում է, որ Աշոտ Մանուչարյանը ղեկավար կազմի մեջ չէ, հակառակ դեպքում, համոզված եմ, որ ելույթների այդ հերթականությունը երբեք թույլ չէր տա: Նման պայմաններում ելույթներն այնպես պետք է ընտրել, որ մարդիկ հանրահավաքի ավարտից հետո տպավորված հեռանան: Իսկ երեկվա միջոցառումը հախուռն էր, անկազմակերպ: Հակառակ դեպքում՝ հանրահավաքի ակորդը պետք է դներ Աշոտ Մանուչարյանը: Բայց ես ցանկանում եմ, որ նա հանկարած չվհատվի, երբ այս հարցը լուծվի բանակցային ճանապարհով ընթանա»,- ասաց նա: