Սոչիի միջազգային օդանավակայանի մամլո ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելով օդակայանի աշխատակիցների պնդումները հայկական ազգանունով աշխատակիցների նկատմամբ խտրականության վերաբերյալ:

«ԶԼՄ-ներում հայտնված իրականությանը չհամապատասխանող և ընկերության համար վիրավորական հաղորդումների կապակցությամբ Սոչիի միջազգային օդանավակայանը հայտարարում է, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության բոլոր նորմերին և պահանջներին: Օդանավակայանի աշխատակիցների կազմը բազմազգ է, և մենք դա համարում ենք մեր անվիճելի առավելությունը: Կայացվող կադրային որոշումները միշտ հիմնվում են կոորպորատիվ չափանիշների և դրույթների, բազմազգ աշխատակազմում առկա էթնիկ նորմերի հիման վրա»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասվում է օդանավակայանի մամլո հաղորդագրության մեջ:

Օդանավակայանից հայտնում են, որ «ազատված աշխատակիցների փոքր խումբը «կանխամտածված օգտագործում է ազգային շարժառիթը սեփական շահերի համար՝ հատուկ պայմաններ պահանջելով»: Նշվում է, որ հայկական ազգանունով մարդկանց մասնաբաժինը կազմում է բոլոր ազատվածների 3 տոկոսը:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոչիի միջազգային օդակայանի աշխատակիցները հայտարարությամբ են հանդես եկել՝ պնդելով, որ ընկերությունում տեղի է ունենում հայկական ազգանունով աշխատակիցների զանգվածային հեռացում: